Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ այսօր նիստում քննարկման օրակարգում է եղել Արցախի հարցը, եւ մտահոգություն են հայտնել ադրբեջանական զինտեխնիկայի սահմանին կուտակման վերաբերյալ:
Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ իրենց մտահոգել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ հայ զինվորի սպանության առնչությամբ: Նրա խոսքով. «Սա ուղիղ մարտահրավեր է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցություններին»:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, երբ Մինսկի խմբի համանախագահները գտնվում էին Երեւանում, Ադրբեջանն իր «թուրք եղբայրների» հետ այնպիսի հայտարարություններ էր անում, որոնք չեն բխում տարածաշրջանի կայունության եւ անվտանգության շահերից. «Չավուշօղլուն է հայտարարում է, որ ինքը եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի արտգործնախարարն է, ինչը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի ցայտուն դրսեւորում:
Նախկինում էլ Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին սատարող հայտարարություններ են հնչեցրել, բայց նման բացահայտ մոտեցումն արդեն մտահոգիչ է»:
Շարմազանովի խոսքով, Թուրքիան անելիք չունի Արցախի բանակցությունների գործում եւ Մինսկի խմբի ձևաչափը ենթակա չէ որեւէ փոփոխման:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ