Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպում ունեցավ ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Մարզպետ Ղալումյանը ողջունեց բոլորին, շնորհավորեց Արտակ Ցուցուլյանին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Այցն առաջինն էր, մարզպետը նշեց, որ նման հանդիպումներ տարբեր ձևաչափերով հաճախակի կլինեն, քանի որ շատ կարևորում է նման շփումները նոր առաջարկներ, գաղափարներ ստանալու, այս կամ այն խնդրի վերաբերյալ կարծիքներ լսելու առումով:
Հանդիպմանը ներկա էր և իրենց կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը: Այդ ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացված կենտրոնում զբաղված են բավականին թվով երիտասարդներ, որոնք նաև մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն բաժնի շրջանավարտներ են:
Նրանք պատմեցին իրենց կողմից կազմված արշավային տուրերի, մարզում հայտնաբերած քարանձավների, բերդերի մասին, որոնց շուրջը կարելի է շատ հետաքրքիր գաղափարներ զարգացնել՝ այդպիսով ներգրավելով զբոսաշրջիկներին:
Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել զբոսաշրջիկին Դիլիջանից դեպի այս կողմ և, մասնավորապես դեպի Բերդի տարածաշրջան ներգրավելու ծրագրերի վրա: Արման Վալեսյանը տեղեկացրեց, որ հիմա նախագծում են մի ծրագիր, որն իրականացնելու են հենց Բերդ համայնքի Չինչին բնակավայրում:
Մարզի տնտեսության զարգացման վերաբերյալ իր պատկերացումների մասին խոսեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը:
Մարզպետը հորդորեց բոլորին ակտիվ լինել, բիզնես նախագծերի գաղափարներ տալ, համագործակցելով մարզպետարանի համապատասխան բաժինների հետ՝ ներկայացնել դրանք: Այնուհետև մարզպետ Վահե Ղալումյանը եղավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում:
Տավուշի մարզպետարան