Այսօր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաք-երթին մասնակցում էր նաեւ ծնունդով Էջմիածնեցի երգիչ Արմինե Գրիգորյանը: Նա փառք ու պատիվ տվեց «այս տղամարդուն` Արթուր Ասատրյանին»:
Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջելուց անմասն չմնաց նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Նա նախկին ՀՀԿ-ական է, այժմ «Ծառուկյան» դաշինքի համակիր է: Ինքը հավաքվածների մեջ տեսավ հպարտ էջմիածնեցիների, մեկ ամիս առաջ «չունեինք այդ»:
Ասաց`սպասում էին, երբ կգա այդ օրը`Մանվել Գրիգորյանին «այդ խունտային դուրս շպրտելու» օրը Էջմիածնից: Հակոբ Հակոբյանն ասում է, որ հավաքվածները այսօր դրել են այն պահանջը, որն ինքը 15 տարի է դնում`ազատագրել Էջմիածինը: «Մի քանի մետր էն կողմի վրա մարդկանց նալոգ են դնում, ասում են`էդ ավտոները քշում եք, պետք ա Մանվելի փոքր տղուն հարկ տանք: Ավտոներով ինչ-որ գումարներ են տալիս, մարդկանց թալանում են: Ինչ-որ հեռուստացույց մարդկանց վզին են դնում`միլիոններով փող են տանում մարդկանցից»,- շարունակեց իր ելույթը Հակոբ Հակոբյանը` հավելելով. «Եթե ազատագրենք Էջմիածինը`փառք ու պատիվ մեզ ու մեր երեխաներին»:
Նրան վրդովվեցրել է Կարեն Գրիգորյանի հայտարարությունը`ուղղված մանկապարտեզների վարիչներին, որ չմասնակցեն հանրահավաքներին: Իր համար ցանկալի է, որ օրենքով հեռացնեն Կարեն Գրիգորյանին, բայց ասում է. «Էջմիածնեցին պատրաստ է օրենքից դուրս էլ խոսալ ձեր հետ, որը որ ցանկալի չի: Հիմա էլ լավ տղա չեք լինի: Ովքեր որ գտնվում են Մանվելի լծի տակ` հետ պահեք ձեր զավակներին, նրանք պատասխան են տալու: Մի տարի առաջ ՀՀԿ-ի հավաքին ելույթ էր ունենում`մուրճն էլ ա քո ձեռը, չագուչն էլ: Հիմա էլ էդ մուրճն ու չագուչը ժողովրդի ձեռն ա, ոնց ուզում եք, լարեք սրանց: Հլը ՀՀԿ-ն չէր գնացել, ասում էր`ինքը ՀՀԿ-ական չի: Իյա, էդ ինչ կարճ հիշողություն ունես»:
Նա հեգնեց`իբր Մանվել Գրիգորյանը, որդու`Կարեն Գրիգորյանի համար «թուղթ ա սարքել», որ 2000 թվից «Ելք» դաշինքի անդամ է, մինչդեռ դաշինքը մեկ տարի առաջ է ստեղծվել:
«Տարբեր կազմակերպություններից միլիոնավոր դոլարներ են հոսել երկրապահի հաշիվներին ու փառք ու պատիվ էդ մարդկանց, որ էսօր իրանց տներում նստած են, իսկ Մանվելը պոեզ ա սարքել իրա ավտոները: Ամեն մեկը երկու-երեք զենքով են ման գալի, առանց զենք ժողովրդից վախենում են»,- իր ելույթը եզրափակեց Հակոբ Հակոբյանը` վստահ, որ «ունենալու ենք ազատ-անկախ Հայաստան եւ Էջմիածին»:
Հանրահավաքի մասնակիցների անունից արտահերթ ընտրությունների պահանջով դիմում-նամակ էր պատրաստել: Կազմակերպիչներն այն ուղարկելու են վարչապետին:
Հանրահավաքի մասնակիցները երթով անցան Էջմիածնի կենտրոնական փողոցներով:
Մյուս հանրահավաքի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ