«Քաղաքապետ դառնալու համար պետք է քաղաքական ճանապարհ անցնել։ Ես այդ ճանապարհը չեմ անցել»,- այսօր Էջմիածնում կայացած բողոքի ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։ «Կան մարդիկ, որ 25 տարի զբաղվեցին քաղաքականությամբ ու տեսանք ինչ եղավ։ Դուք՝ լրագրողներդ եք վեր հանել Էջմիածնի խնդիրները, ես ձեզանից եմ իմացել, անօրինությունների մասին։ Հիմա պետական լծակներ չկան եւ նրանք պետք է հեռանան»,- շարունակում է Արթուր Ասատրյանը։
Հիշեցնենք, Արթուր Ասատրյանը վերջերս է վերադարձել Էջմիածին: Տարիներ առաջ, նա ինչ-ինչ խնդիրների պատճառով հեռացավ հայրենի քաղաքից, հետո մշտական բնակություն հաստատեց Իտալիայում: Այժմ նա վերադարձել է եւ հովանավորում է Էջմիածնում քաղաքային իշխանության`ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը:
Ցուցարարները պահանջում են, որ Կարեն Գրիգորյանը հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից:
Լրագրողների հետ զրույցում այսօր Արթուր Ասատրյանը հայտարարել է, որ Մանվել եւ Կարեն Գրիգորյանները տարիներ շարունակ ժողովրդին կեղեքել են, նրանց պատճառով հազարավոր մարդիկ լքել են Էջմիածինը: Բայց խնդիրների եւ չարաշահումների մասին, ըստ նրա, մարդիկ չեն բարձրաձայնել, քանի որ Էջմիածնի քաղաքային իշխանությունների հետեւում կանգնած են եղել «պետական լծակներին տիրապետողները»։
Այլ մանրամասները քիչ ուշ`տեսանյութում
Ի հակառակ սպասումների, Կարեն Գրիգորյանի դեմ հանրահավաքի մասնակիցները շատ էին:
Մանրամասները շուտով`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ