Սեփական դիմումի համաձայն՝ երեկ Շիրակի փոխմարզպետի պաշտոնից ազատվել է ՀՀԿ-ական Հարություն Արշակյանը։ Նա երեկ առավոտյան արդեն հավաքել էր իր իրերը ու հեռացել։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Սոֆյա Հովսեփյանը։
Նշենք, որ Հարություն Արշակյանը Սերժ Սարգսյանի ուսանողական տարիների ընկերներից է, որը հենց նախագահի միջնորդությամբ 2009 թվականից զբաղեցնելով փոխմարզպետի պաշտոնը՝ որևէ անգամ չշահարկեց այդ փաստը ու իրեն արտոնյալ չպահեց։ Նույնիսկ համաժողովրդական շարժման ժամանակ, երբ մարզպետարանի դիմաց հավաքներ էին․ 6 երեխաներ ունեցող սոցիալապես անապահով մի կին, հնչեցնելով նրա անունը՝ հատուկ շնորհակալություն հայտնեց։ Ի տարբերություն Երևանի Մոնթե Մելքոնյանի անունը կրող թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մելիքսեթյանի, որի մասին անընդմեջ մի աղմկոտ պատմություն էինք լսում ու շեշտվում էր, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, Հարություն Արշակյանի մասին միայն կարելի է ասել՝ Շիրակի մարզպետարանի համեստ ու անկաշառ պաշտոնյաներից մեկն էր։
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, որը դեռ 1999 թվականից, երբ մարզպետ է նշանակվել Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխվել էր Շիրակի մարզպետարան։ Նա Երևանից Գյումրի էր տեղափոխվել բնակության։ Խաչատուր Պողոսյանը ՀՀ քաղաքացիական ծառայության դասի 1-ին պետական խորհրդական է։ Պետական պաշտոնյաների բնութագրմամբ՝ նա փայլում է օրենքների իմացությամբ, գրագիտությամբ։
Վաղը կճանապարհեն նաև մարզպետարանի տարեց աշխատակիցներից մեկին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին։ Նա Գյումրու ամենակոլորիտային դեմքերից է, որը մինչև օրս շունչ է տալիս մշակութային միջոցառումներին։ Ընդամենը մի դրվագ հիշեցնենք՝ կապված նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցի հետ։ Տեխնոպարկում շիրակցի գործարարների, համայնքապետերի հետ երկար ու ծանր զրույցի մեջ մտած վարչապետը, հոգնած այդ ամենից, երբ հորդորում էր ավարտել հանդիպումը, ստիպված եղավ վերջում լսել նաև Հասմիկ Կիրակոսյանին ու կախարդվեց նրա խոսքից։ Վարչապետի տրամադրությունը կտրուկ փոխվեց․ դեմքին ժպիտ հայտնվեց, գոհունակ հայացքով լսում էր՝ մոռանալով, որ այլ պայմանավորվածություններ ևս ուներ ու պիտի Երևան շտապեր։
Օրերս էլ Վահրամաբերդում, «Հեղնար աղբյուրի» վերաբացման արարողության ժամանակ իր խոսքով հմայեց այդ ֆիլմի դերակատարներին, որոնք իրենց հարցազրույցներում մեջբերում էին տիկնոջ խոսքերը։
Թերևս այս ամենն է պատճառը, որ նախորդ մարզպետները, հաշվի չառնելով նրա տարիքը, հրաժեշտ չեն տվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ