Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

Հունիս 14,2018 18:40

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր  երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում` կրթության գրեթե բոլոր աստիճաններում: Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը: Գերմանիայի նման երկրի կողմից մեր հանրակրթության ոլորտի կարևորագույն փաստաթղթի ճանաչումը բարձրացնում է մեր հանրակրթության ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Ներկայացնելով կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ դրանք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները: Նա առանձնացրել է ավագ դպրոցների հիմնախնդիրները՝ շեշտելով, որ 12-ամյա կրթության համակարգը անշրջելի է, սակայն բարեփոխումների արդյունքում անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել: Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է ՄԿՈՒ ոլորտի կայացման և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի կարևորությունը, մասնավորապես շեշտելով բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման, ակադեմիական ինքնավարության և անկախության հարցերը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարը՚ շեշտելով, որ առկա է քաղաքական բավարար կամք և նոր կառավարությունը, Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, միջազգային կառույցներից այդ նպատակով ֆինանսական աջակցության ակնկալիք չունի:  Նախարարը բարձր է գնահատել գերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչի վկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր  գոհունակությունն է հայտնել կրթության ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: Նա առանձնացրել է գերմաներեն լեզվի դասավանդման արդյունավետության բարձրացման հարցերը՝ նշելով, որ այդ նպատակով  ՀՀ կրթության և գիտության  նախարարության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, համախմբել են Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային կառույցների ջանքերը: Համագործակցության շրջանակում դեսպան Քիսլերն անդրադարձել է նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի կենտրոնի գերմաներեն լեզվի ներկայացուցիչները:

ՀՀ կրթության և գիտության  նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930