Aravot.am-ը «Երեւան» հիմնադրամի նախկին տնօրեն, այժմ գործարար Վահագն Մկրտչյանից, որը ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եղբայրն է, հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում «Երեւան» հիմնադրամի շուրջ այս օրերին ծավալված իրադարձությունները: Պարոն Մկրտչյանը, որը այս հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 1998-1999 թվականներին, երբ քաղաքապետ էր Սուրեն Աբրահամյանը, մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ «Երեւան հիմնադրամի» գաղափարը Վանո Սիրադեղյանինն է եղել. նպատակը «քաղաքային նշանակության ստվերային գումարները», որոնք այդ ժամանակ պտտվում էին, օրինականացվեին եւ հնարավորություն ստեղծվեր, որպեսզի մարդիկ այդ գումարները վճարեին մեկ պատուհանին. «Այդ ժամանակ ստվերում ահավոր մեծ գումարներ էին պտտվում եւ հիմնադրամի նպատակը կոռուպցիան վերացնելն էր եւ գործարարներին, ներդրողներին օգնելը»:
Ինչ վերաբերում է հիմնադրամի շուրջ ծավալված իրադարձություններին, պարոն Մկրտչյանն ասաց՝ քանի դեռ չկա որեւէ հստակ տեղեկատվություն եւ եղած տեղեկությունն այն է, որ ԱԱԾ-ն ունի ահազանգ եւ քննիչները զբաղվում են, չի կարող որեւէ գնահատական տալ կամ մեկնաբանություն անել. «Կլինի, նոր կհասկանանք: Կդժվարանամ ինչ -որ կերպ մեկնաբանել՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, տեղեկատվությունը շատ հակիրճ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ