Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մեկնել է Մոսկվա: Sport.ru-ը Մխիթարյանի հետ զրուցել է նրա նախասիրությունների և երազանքների մասին:
– Դուք խոսում եք 6 լեզվով՝ ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Ուղղության տվեք մարդկանց՝ ինչպես դա անել:
– Գաղտնիք չկա: Հնարավորություն է եղել ապրել Ֆրանսիայում՝ սովորել եմ ֆրանսերեն: Եղել եմ Բրազիլիայում՝ սովորել եմ պորտուգալերեն: Խաղացել եմ Գերմանիայում՝ սովորել եմ գերմաներեն: Ամեն ինչ պարզ է. շփվում եմ, հարցեր եմ տալիս, գիրք եմ կարդում:
– 14 տարեկանում Դուք 4 տարի փորձաշրջան եք անցել «Սան Պաուլուում»: Ի՞նչն է Ձեզ զարմացրել ամենաշատը:
– Կյանքի բրազիլական մշակույթը, ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքը՝ չուրասկո, բրինձ, լոբի, բանան: Հայաստանում նման բան չկա. այնտեղ միայն խորովածն է շամփուրի վրա:
– Մի զվարճալի պատմություն պատմեք Յուրգեն Կլոպի մասին:
– «Բորուսիայում» մի անգամ նա ասաց. «Եթե 6-7 գոլ խփես, քեզ վճարում եմ 50 եվրո, եթե ոչ՝ դու ես վճարում»: Ես գրազը տարվեցի, բայց երկու օր հետո մենք խաղ ունեինք «Ֆրանկֆուրտի» դեմ, հաղթեցինք 2:1 հաշվով, ես 2 գոլ խփեցի: Հաղթանակից հետո Կլոպն ինձ գրկեց ու ասաց. «Շատ շնորհակալ եմ քեզ ու շատ գոհ եմ»: «Այդ դեպքում վերադարձրու իմ 50 եվրոն»: Ստիպված էր վերադարձնել:
– Երևանն աշխարհի ամենալավ քաղա՞քն է:
– Ինձ համար Երևանն ամենալավն է: Այնտեղ են ապրում իմ ընկերները, բարեկամները, ընտանիքը: Այդ քաղաքն ինձ շատ է ուժ տալիս:
– Հայաստանում երեք այն գլխավոր վայրերը, որ պետք է այցելել:
– Առաջինը՝ Խոր Վիրապ. Դա Արարատ լեռան մոտ գտնվող վանք է: Հետո Գառնի, Գեղարդ վանական համալիրը և Ղարաբաղը:
– Կա՞ ինչ-որ երգ, որը լսում եք, երբ Ձեզ վատ եք զգում:
– Չկա այդպիսին: Երբ ինձ վատ եմ զգում, երգ չեմ լսում, պարզապես մտածում եմ:
– Հավանու՞մ եք System Of A Down-ը:
– Ես ռոքի մեծ երկրպագու չեմ, բայց քանի որ խմբի մենակատարը իմ համերկրացի Սերժ Թանկյանն է, այն ինձ շատ է դուր գալիս: Ցավոք, մենք նրա հետ դեռ չենք հանդիպել:
– Գլխավոր խորհուրդը, որ ձեզ տվել է Ձեր հայրը:
– Կարծում եմ, նա չհասցրեց ինձ որևէ խորհուրդ տալ, քանի որ ես 7 տարեկան էի, երբ նա մահացավ: Ցավոք, այդ տարիքում ես չէի կարող որևէ բան հասկանալ: Հետևաբար չեմ հիշում:
– Ձեր մայրիկի պատրաստած լավագույն ուտեստը:
– Չկա մեկ այդպիսի ուտեստ, բայց այնուամենայնիվ, խոզի միս՝ ռոքֆորի սոուսով:
– Նկարագրեք Լոնդոնի Ձեր տունը:
– Երեք սենյականոց բնակարան է հանգիստ թաղամասում, առանձնահատուկ ոչ մի բան: Գլխավորը՝ այնտեղ հարմար զգամ, որպեսզի անընդհատ տուն գնալու ցանկություն լինի:
– Ե՞րբ եք վերջին անգամ հավաքել բնակարանը:
– Երկու օր առաջ:
– Ինչո՞ւ է այդպես ստացվել:
– Որովհետև դա իմ բնակարանն է, ես ինքս պետք է այն կարգի բերեմ:
– Դուք բնակարանում շքեղություն ունե՞ք:
– Ես ինքս եմ:
– Իսկ Ձեզնի՞ց բացի:
– Չունեմ այդպիսին:
– Որտեղի՞ց եք հագուստ գնում:
– Վերջին անգամ գնել եմ Մյունխենում: Ավստրիայում հավաք էր, մենք երկու ընկերական խաղ ունեինք, առաջինից հետո մեզ ազատ օր տվեցին, և մենք ամբողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղ էլ գնել եմ:
– Ի՞նչ ապրանքանիշեր եք սիրում:
– Չկան այդպիսիք: Չի կարելի ասել, որ օգտվում եմ կոնկրետ ապրանքանիշերից: Ամենակարևորը՝ որ ինձ դուր գա շապիկը, ջինսը և այլն:
– Ի՞նչ հագուստ եք կրում:
– Բրենդային, բայց հասարակ:
– Պատմեք Իբրահիմովիչի մասին պատմությունը, որը ոչ մեկ չգիտի:
– Մի անգամ նրան հարցրի. «Ե՞րբ ազատ կլինես, որպեսզի ընթրենք»: «Արի այսօր՝ անմիջապես մարզումներից հետո»: «Տեղ ընտրիր, ես սեղան կպատվիրեմ»: «Ես գլուխ չեմ հանում Մանչեսթերի կենտրոնից, այնպես որ ինքդ որոշիր»,- պատասխանեց Իբրան: Այդպես, գնացինք հայկական ռեստորան, Զլատանը խորոված կերավ: Իսկ երկու օրից մենք Եվրոպայի լիգայում խաղում էինք «Սենթ Էթիենի» դեմ, և նա հեթ-թրիկ արեց:
– Ե՞րբ եք վերջին անգամ մետրոյով երթևեկել:
– Մետրոյո՞վ: Ուաու: Երևի 15 տարի առաջ Երևանում:
– Երբ խաղում էիք «Շախտյորում», Դոնեցկում ինչո՞վ էիք երթևեկում:
– Ես ունեի ակումբից Hyundai և շատ գոհ էի:
– Ինչո՞վ եք երթևեկում հիմա:
– GLA սերիայի Mercedes-ով. իմ ամենօրյա մեքենան է:
– Մեքենան, որի մասին երազում եք:
– Տրակտոր: Դա ամենալավ մեքենան է: Կատակում եմ: Իրականում մեքենան, որի մասին երազում եմ, արդեն ունեմ. դա Lamborghini Aventador-ն:
– «Արսենալի» խաղացողների հետ չաթ ունե՞ք:
– Այո, WhatsApp-ում:
– Ուրա՞խ է այնտեղ:
– Ամենազվարճալին Ալեքսանդ Լյակազետի կողմից էր, երբ նա հայտնվել էր աշխարհի առաջնությունում: Իսկ թե ինչ էր՝ արդեն գաղտնիք է:
– Ի՞նչ երազանք ունեք:
– Դրանք շատ են: Եվ ամեն անգամ, երբ ես հասնում եմ մի երազանքին, ինձ մոտ առաջանում է մյուսը: Ես երբեք կանգ չեմ առնում նրա վրա, ինչին արդեն հասել եմ:
Առաջին երազանքն է լինել լավ մարդ: Երկրորդը՝ ընտանիք ու երեխաներ: Մնացածն ինքնըստինքյան կգա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ