Երեկ Մոսկվայում կայացած ՖԻՖԱ-ի գագաթնաժողովի ժամանակ ընտրվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը: Նախապես հայտնի էր, որ հայտ ներկայացվել էր երկու թեկնածուների կողմից՝ «ԱՄՆ – Կանադա – Մեքսիկա» միասնական հայտ և Մարոկկո:
«Միասնական հայտը» հաղթեց 134/ 65 ձայների հարաբերակցությամբ: Այսիպիսով, առաջին անգամ Աշխարհի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 3 երկրում: Հայտի համանախագահները քվեարկության համար շնորհակալություն հայտնեցին բոլոր ազգային ֆեդերացիաներին և վստահություն հայտնեցին, որ ստուգատեսը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես քվեարկեց “Միասնական” հայտի օգտին: Ինչպես նախապես տեղեկացրել էինք հայտի համանախագահ Սթիվ Ռիդի ղեկավարած պատվիրակությունը մայիսին Երևանում էր: ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: Ներկայացված մոտեցումները համընկնում էին ՀՖՖ ղեկավարության պատկերացումների հետ: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և հյուսիս-ամերիկյան երկրներում առկա ծանրակշիռ հայկական սփյուռքի առկայությունը հանդիսացան տվյալ ընտրության գլխավոր դրդապատճառները:
ՀՖՖ