ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիսի 12-14-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Համանախագահները և հայ պաշտոնյաները քննարկել են բանակցությունների ներկա ընթացքը և հետագա քայլերը, այդ թվում մոտ ապագայում նախարարների մակարդակով հանդիպման հնարավորությունը: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական մթնոլորտ պահպանելու կարևորությունը:
Համանախագահները վերահաստատել են, որ հավատարիմ են օգնելու կողմերին գտնել հակամարտությանը խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա:
Հայ պաշտոնյաներն իրենց հերթին աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձնական ներկայացուցչի աշխատանքներին և պատրաստակամություն՝ արդյունավետ աշխատանք տանել համանախագահների հովանու ներքո:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ