Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթը բերելու են կառավարության առաջ թափեն կամ բաժանեն

Հունիս 14,2018 16:57

Այսoր մի քանի ժամ շարունակ հարյուրից ավելի կաթ արտադրողներ՝ գյուղացիներ, ֆերմերներ, կառավարության շենքի առաջ բողոքի ցույց արեցին: Նրանց խոսքերով, կաթ մթերող գրեթե բոլոր ընկերությունները կաթի գները իջեցրել են՝ ֆինանսական վնասներ պատճառելով կաթ արտադրողներին: Ըստ ցուցարարների, այս սեզոնին գինը սովորաբար իջնում է, բայց ոչ այնքան, որքան այս պահին սահմանել են մթերողները:

Aravot.am-ի հետ զրույցում, գյուղացիներն ասացին, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մթերողներն իրենցից մեկ լիտրը 10-20 դրամով պակաս են գնում, ինչը լուրջ հարված է փոքր բիզնեսին, այսինքն՝ գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, որոնք այս սեզոնին փորձում են եկամուտներ վաստակել՝ անասունների համար այդ գումարներով ձմռան անասնակերը գնելու համար: Բացի այդ, գյուղատնտեսները վարկեր ունեն, որոնք վերցրել են անասնակեր եւ անասուն գնելու նպատակով եւ կաթի գնի իջեցումը բացասաբար կազդի վարկերը ժամանակին վճարելու գործընթացի վրա:

Նրանց խոսքով, մթերող ընկերությունները գնանկումը պատճառաբանում են հարկուտուրքերի բարձր լինելով: Գյուղացիների համոզմամբ, կաթ մթերողներն են եկել համաձայնության եւ շուկայում ցածր գին են սահմանում, որպեսզի գյուղացուց կաթն ավելի էժան ձեռք բերեն:

Ձմռանը կաթի գինը, ըստ մեր զրուցակիցների, 200-220 դրամ է՝ սեզոնով պայմանավորված: Ըստ գյուղացիների, այդ սեզոնին կաթի արտադրության ծավալները զգալի պակաս են, այդ պատճառով էլ մթերողները համաձայնվում են այդ գնով ձեռք բերել, սակայն ամռան սեզոնին, օգտվելով առիթից, որ կաթի պակաս չկա, գինը կտրուկ իջեցնում են: Մեզ հետ զրույցում ֆերմերները նաեւ ասացին, որ անցյալ տարվանից դեռ գնած խոտի դիմաց պարտքեր ունեն, քանի որ խոտի դեֆիցիտի պատճառով մեկ տուկը 1500-1600 դրամ են ձեռք բերել, ներկայիս՝ 1000 դրամի փոխարեն:

Կաթ արտադրողներն այսօր իրենց այս դժգոհությունների վերաբերյալ նամակ հանձնեցին կառավարություն՝ ժամանակ տալով մինչեւ երկուշաբթի՝ եթե հարցը չլուծվի, ցույցի են գալու ավտոմեքենաներով ու իրենց հետ բերած կաթն էլ փողոցներում, կառավարության առաջ թափելու են կամ՝ բաժանեն, բայց այդ գնով չտան արտադրողներին:
Նրանց խոսքով, եթե արտադրողները պատճառաբանում են բարձր հարկերը, ապա տրամաբանական պիտի լինի կաթնամթերքի թանկացումը, սակայն ֆերմերներն ուսումնասիրել են եւ պարզել, որ այս օրերին կաթնամթերքը խանութներում չի թանկացել:

Քիչ թե շատ խոշոր ընկերություններից է կաթի մթերմամբ զբաղվող «Թամարա» ընկերությունը: Aravot.am-ի հետ զրույցում ընկերության որակի վերահսկման լաբորատորիայի վարիչ Սուսաննա Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, թե մթերող ընկերությունները կաթի գնանկումը պայմանավորում են հարկուտուրքերի բարձր լինելով, տիկին Հարությունյանն ասաց, որ իրենք ինչպես որ նախկինում բարեխիղճ վճարել են հարկերը, այդպես էլ վճարում են եւ այդ առումով ոչինչ չի փոխվել: Տիկին Հարությունյանը կաթի գնի իջեցումը պայմանավորեց սեզոնայնությամբ՝ նշելով, որ այս սեզոնին կաթի գինն իջնում է:

Մեր այն հարցին, թե արտադրողները փաստում են, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կաթն ավելի է էժանացել՝ 10-20 դրամով, Սուսաննա Հարությունյանն ասաց, որ անցյալ տարի իրենց ընկերությունը կաթը մթերել է գրեթե նույն գնով, ինչ այս տարի՝ 140-150 դրամով մեկ լիտրը: Նրա խոսքով, հենց այս պահին էլ իրենց գործարանն այդ գնով է մթերումը կատարում: Տիկին Սուսաննան հնարավոր է համարում, որ գուցե միջնորդ օղակը գինն իջեցրած լինի, այն մթերողը, որը գյուղացիներից հավաքում՝ գործարաններին է հանձնում, որովհետեւ ոչ բոլոր գյուղացիներն են կարողանում իրենց ասենք՝ 50-100 լիտր կաթը ուղիղ գործարանին հանձնել՝ փոխադրամիջոց չունենալու, ավելորդ ծախսեր չանելու պատճառով, ուստի կան ընկերություններ, որոնք կաթը հավաքում են մանր տնտեսություններից ու հանձնում խոշոր մթերողին:

Մեր հարցերը փոխանցեցինք նաեւ կաթի մթերմամբ զբաղվող «Մարիաննա» եւ այլ ընկերությունների պատասխանատուներին, որոնք մինչ այս պահը չեն պատասխանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930