Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի արվեստի դպրոցը եղբայրացել է Լիտվայի երաժշտական դպրոցի հետ

Հունիս 14,2018 16:33

Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների հռչակման 100-ամյակի միջոցառման շրջանակներում Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի հրավերով և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հունիսի 3-10-ը Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաները և ղեկավար կազմն այցելել է Լիտվայի Կաունաս քաղաք: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը:

Նա հայտնեց, որ մեկնարկը տրվել է Վանաձորից՝ մարտին կայացած տեսակամուրջով: Միջոցառմանը ներկա է եղել Լիտվայի դեսպան էրիկաս Պետրիկասը, իսկ Կաունասում՝ Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը: Այնուհետեւ հետեւել է պատասխան հրավերը՝ հունիսի 3-10-ը եղել են Լիտվայում, որտեղ նախատեսված էր 3 համերգ եւ էքսկուրսիաներ: Առաջին համերգը կայացել է հունիսի 5-ին Կաունասի Մայրոնիսի գրականության թանգարանի դահլիճում՝ երկու դպրոցների սաների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեկամության կամուրջներ» խորագրով համատեղ միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների հռչակման 100-ամյակներին, որին ներկա են եղել Լիտվայում ՀՀ դեսպանը, Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը, Կաունասի մշակութային և հասարակական գործիչներ:

Պարոն Դոլմաջյանը հավելեց, որ հաջորդ կանգառը Վիլնյուսն է եղել, որտեղ մեկնել են տեղի հայ համայնքի հրավերով: Հունիսի 6-ին Վիլնյուսի «Ազգային համայնքների տանը» Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ կայացել է համերգ, որին ներկա էին Լիտվայում ՀՀ դեսպանատան հյուպատոս Վահե Առաքելյանը, Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը, Վիլնյուսի հայ համայնքի պատասխանատու, գրող Վահագն Գրիգորյանը, Լիտվայի ազգային համայնքների միության հայկական համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանը, Վիլնյուսի մշակութային և հասարակական գործիչներ:

Հունիսի 7-ին երկու դպրոցների սաների համատեղ եզրափակիչ համերգ է կայացել Պլյունգե քաղաքի արքայազն Միկոլո Օգինսկու պալատում: Պարոն Դոլմաջյանը տեղեկացրեց, որ այս համերգում, բացի դպրոցի սաներից, երաժշտական կատարումով հանդես է եկել նաեւ ինքը: «Ես ազգային երաժշտական գործիքով՝ սանթուրով՝ դուդուկի և դաշնամուրի նվագակցությամբ, կատարել եմ լիտվացի հայտնի կոմպոզիտոր Չյուրլյոնիսի «Գեղանկարչության երաժշտություն» ստեղծագործությունը»:

Վարդան Դոլմաջյանը նաեւ հավելեց. «Մեր դպրոցը կրում է Կոմիտասի անունը, իսկ Կոմիտասը մեզ պարտավորեցնում է»: Ասաց նաեւ, որ Լիտվա մեկնած պատվիրակության մեջ էր թավջութակահար Միքայել Ոսկանյանը, որի ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել Վիլնյուսում: Տեղի կոնսերվատորիայի թավջութակահար պրոֆեսորներից մեկը հատուկ հանդիպում է խնդրել հայ թավջութակահարին տեսնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930