Լրահոս
Օրվա լրահոսը

«Սմբատը տաղանդավոր տղա է»,- Սերոբ Խաչատրյանը՝ ԲՈՀ-ի նախագահի մասին

Հունիս 14,2018 16:27

«Գործի բերումով ես Սմբատին ճանաչում եմ արդեն մոտ քսան տարի, երբ նա աշակերտ էր և ես «Կրթություն» թերթի խմբագիր: Սմբատը մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայից մեդալ էր նվաճել: Իսկ դա խաղուպար չէ: Սմբատը տաղանդավոր տղա է»,-խոսելով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանի մասին`հայտարարեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի  11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ:

Պարոն Խաչատրյանը հայտնեց, թե սկզբունքորեն այն մոտեցման կողմնակիցն է, որ պետք է որոշակի քվե տալ այն մարդկանց, որոնք պաշտոնյա են նշանակվում:

Դառնալով Սմբատ Գոգյանին՝ պարոն Խաչատրյանը հավաստիացրեց. «Սմբատի նման մեդալակիրներից շատերն այսօր Հայաստանում չեն ապրում: Համաշխարհային օլիմպիադաների մեդալ նվաճածների մոտ 80 տոկոսը ՀՀ-ից գնացել է, քանի որ նման երեխաների համար կան արտոնություններ. կարող են ընդունվել ցանկացած համալսարան: Նրանք այսօր աշխարհի հայտնի համալսարաններում հայտնի պրոֆեսորներ են: Իսկ Սմբատը մնաց Հայաստանում, աշխատել է մի շարք դպրոցներում, այդ թվում՝ Ֆիզմաթում և Քվանտում, նա ստեղծել է մաթեմատիկայի դասավանդման նոր մոդելներ, ունի իր դպրոցն այդ մոդելի վրա հիմնված: Հայաստանի մաթեմատիկայի օլիմպիական թիմն է ղեկավարում: Սմբատը մեծ ներդրում ունի այդ թիմի հաջողություններում, նա կարողանում է երեխաներին պատրաստել»:

Սերոբ Խաչատրյանն ասաց, թե չի կարող կանխատեսել՝ ԲՈՀ-ի ինչպիսի նախագահ կլինի նա, հորդորեց սպասել, բայց վստահեցրեց. «Շատ սկզբունքային մարդ է: Վստահ եմ ավելի շուտ աշխատանքից ազատվելու դիմում կգրի, քան կոռուպցիոն գործարքների մեջ կներքաշվի: Ճնշումների դեպքում կնախընտրի հրաժարական տալ»:

Անդրադառնալով ԲՈՀ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանին՝ աշխատանքից ազատելու փաստին՝  Սերոբ Խաչատրյանը կարևորեց թափանցիկությունը. «Շատ կուզեի, որ կադրային հարցերում էլ կառավարությունը լինի թափանցիկ և բացատրվի, որ այս մարդը մնում է այս պաշտոնում, որ այս մարդը՝ ոչ: Օրինակ՝ պետք է բացատրություն լինի՝ ինչո՞ւ որոշվեց Լիլիթ Արզումանյանին աշխատանքից ազատել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահին պահել: Բոլորս էլ գիտենք, որ երկու կառույցներից էլ դժգոհություններ կային: Մյուս կողմից էլ համաձայն չեմ, որ բոլորին հանում են: Կան բաներ, որոնց այդ մարդիկ տիրապետում են, և միանգամից բոլորին հանելը կարող է անջրպետ ստեղծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930