Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնի ղեկավար Սամսոն Գալստյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ այդ անձանց ձերբակալումը տեղի է ունեցել հարուցված քրեական գործի շրջանակներում:
Երեկ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում հատուկ գործողություններ իրականացնելուց հետո հիմնադրամից իրենց հետ տարան մի քանի պարկ փաստաթղթեր (լուսանկարում):
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:
Լուսինե ԲՈՒՐԴԱՂՅԱՆ