Ինչպես տեղեկացրել ենք, չորս օր առաջ կալանավորվել էր Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը (լուսանկարում)։ Նրա նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել էր, որ Արսեն Ալեքսանյանի՝ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառած վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։
Այսօր պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերադարձվել է, սակայն նրա խափանման միջոցը փոխված չէ. շարունակում է կալանավորված մնալ։
Այս մասին մենք տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ