«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նոր քաղաքականություն է որդեգրել: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ցանկություն ունեն, որ փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի դերակատարությունը բարձրանա:
«Ուզում ենք, որ «Հայկական համայնապատկերի» պարագայում մրցանակներն ավելի բարձր լինեն, քան միջազգային մրցույթի դեպքում է: Ցավոք, հայկական ֆիլմերին արհամարհանքով են վերաբերվում Հայաստանում, եւ այն առնետավազքը, որ առկա է, եւ ոմանք չեն ուզում, որ իրենց ֆիլմերը լինեն «Հայկական համայնապատկեր» ծրագրում, հայկական կինոյի կերպարը չտեսնելու ցանկությունից է բխում:
Այսուհետեւ «Հայկական համայնապատկերը» լինելու է ամենակարեւորը, պետք է այնպես անենք, որ բոլոր հայ ռեժիսորները երազեն, որ իրենց ֆիլմերը լինեն «Հայկական համայնապատկերում»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Նաեւ նշեց, որ «Հայկական համայնապատկերը» ազգային մրցույթ է, որտեղ կինոասպարեզի բոլոր ներկայացուցիչներն իրենց մրցանակներն են հանձնում, այդ թվում՝ Հայկական կինոակադեմիան, կինոմիությունը, կինոասոցիացիան, «Հրանտ Մաթեւոսյան« եւ «Սոս Սարգսյան» հիմնադրամները:
«Քանի որ ուզում ենք, որ հայկական ֆիլմերը ֆինանսավորվեն, մրցանակների որոշ մասը տեղափոխել ենք դեպի հայկական կինոնախագծեր»,-ընդգծեց պարոն Խաչատրյանը: «Հայկական կինոն չպետք է խոնարհվի, չպետք է իջնի»,-շեշտեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ