Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը:
Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ձեռքբերումների համար և նշել, որ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ցանկացած գործողություն ու վարքագիծ վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը: «Հետևաբար, արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ նոր Կառավարությունն ունի ժողովրդի լիակատար աջակցությունը, ժողովուրդն է իշխանության տերը, հետևապես, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անել առավելագույնը ժողովրդի սպասումները բավարարելու համար:
«Մենք ձևավորելու ենք նոր մոտեցումներ, և այն հիմնախնդիրները, որոնք կան այս համակարգում, պետք է աստիճանաբար ու հետևողականորեն լուծվեն: Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ կարևորելով քրեակատարողական ծառայողի սոցիալական երաշխիքների ապահովումը:
Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքով ցույց են տալու, որ Ծառայությունն ի զորու է լուծել ցանկացած խնդիր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն