Այսօր տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կուտակային կենսաթոշակային համակարգի թեմայով քննարկմանն իր հետ «լեգո» էր բերել՝ բացատրելու՝ եթե համակարգին դեմ գնանք ու չընդունենք տարիներ անց, ինչպիսի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: Քննարկումը տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնում». ներկա էին նաեւ գործարար Վահան Քերոբյանը, փաստաբան Անահիտ Բեգլարյանը:
Պարոն Խուրշուդյանը հաշվի առնելով այսօրվա ժողովրդագրական պատկերը, հաշվարկել է եւ պարզել, որ 2060 թվականին մեկ թոշակառուին պահելու է երկու աշխատող, ինչը նրա բնորոշմամբ՝ աղետ է: Այսօր 6 աշխատունակ մարդուն բաժին է ընկնում մեկ կենսաթոշակառու. «Ներկայումս 10-14 տարեկան բնակչությունը մեր ընդհանուր բնակչության 20 տոկոսն է կազմում, 15-64 տարեկանները՝ 70 տոկոսը, 65-ն անց մարդիկ էլ տասը տոկոսն են կազմում:
2060 թվականին ժողովրդագրական պատկերը հետեւյալն է լինելու. 10-14 տարեկանները լինելու են 13,6 տոկոսը, 15-64 տարեկանները՝ բնակչության 55 տոկոսը, 65-ն անց մարդիկ էլ՝ 30,8 տոկոսը:
30 տոկոս ծերեր ունենալը նշանակում է, որ եթե այսօրվա մեր 6 աշխատունակ մարդիկ, պահում են մեկ թոշակառու, ապա 2060 թվականին մեկ թոշակառուին պահելու է երկու գործատու: Սա աղետ է, որի դեմ պետք է հիմիկվանից պայքարել»:
Ըստ նրա, այսօր գյուղերում կան դպրոցներ, որոնք ունեն մեկ աշակերտ. «Այդ գյուղում ըստ մարդահամարի, 140-150 բնակիչ կա, դա նշանակում է, որ այդ աշակերտը, երբ ավարտի դպրոցը, ինքը գյուղի միակ աշխատողն է լինելու, պետք է մնացած բոլոր ծերերին միայնակ պահի: Ինչ է ասում կուտակայինը, ասում է՝ այսօրվա այդ գյուղի աշխատողներ, եկեք, դուք հետ գցեք ձեր փողերը, որ այդ երեխան վաղը ձեզ չպահի, դուք գոնե ձեզ պահեք: Համակարգի էությունը դա է, մնացած լուծումները դրա շուրջ պետք է քննարկել»:
Տնտեսագետը համոզված է, որ առանց կուտակայինի մենք ընդհանրապես ապագա չունենք. «Եթե մերժում ենք կուտակայինը, մենք մերժում ենք մեր ապագան»:
Անդրադառնալով համակարգի բացերին, պարոն Խուրշուդյանն ասաց, որ եթե այդ 6 աշխատողից երկուսը գործազուրկ են, ապա ծերության տարիք հասնելիս էլ նրանք նույնպես մնալու են աղքատ. «Այսինքն՝ ով այսօր աղքատ է, նրանք թոշակի անցնելուց էլ աղքատ կլինեն»:
Վահան Քերոբյանի խոսքով, կառավարության նոր որոշումը՝ 5 %-ի փոխարեն 2,5 % վճարելով իրենք ավելի քիչ ծախս են ունենալու, սակայն պարոն Քերոբյանին մտահոգում է, որ տնտեսության մեջ դնելու փոխարեն գումարները սառեցվում են, օրինակ՝ ավանդները երաշխավորող հիմնադրամի միջոցով: Ըստ նրա, կան բազմաթիվ հիմնադրամներ, որոնց «մոգոնել» է պետությունը, որպեսզի տնտեսությունից փող դուրս գա:
«Այսինքն, ինձնից որպես բիզնեսմեն պետությունը փող է քաշում, բանկերից է փող քաշում եւ այդ փողը դադարում է աշխատել տնտեսության մեջ: Իրենք ասում են, որ դա հետ է դրվում տնտեսության մեջ, բայց թեթեւ վարժություն անելուց հետո պարզվեց, բացի հիպոթեքային շուկայում հայտնվելուց, այդ փողը որեւէ այլ տեղ չի հայտնվում: Դրանք դրվում են պետական պարտատոմսերում»:
Ըստ նրա, այս պահին կենսաթոշակների ֆոնդերի փողը ռեալ տնտեսության մեջ հայտնվելու որեւէ հնարավորություն չկա: Նրա կարծիքով, դրա տարբերակներից մեկը այդ ֆոնդերի կառավարիչներին ուղիղ ներդրումներ անելու հնարավորություն ընձեռելն է, որն առայժմ չկա:
Հարցին, թե պարտադիրի բաղադրիչը մտահոգությունների տեղիք է տվել եւ քաղաքացիները այն ոտնձգություն են համարում սեփականության նկատմամբ, Անահիտ Բեգլարյանը պատասխանեց, որ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանը փոփոխություններ է արել նախկին օրենքում, բայց սեփականության իրավունքի խախտումն առկա է.
«Ըստ էության անվանումները փոխելով՝ կուտակային վճարը փոխարինելով սոցիալական վճարի, բովանդակությունն այդ վճարի չի փոխվում: Այսինքն՝ անձը պիտի իր աշխատածի որոշակի հատվածը պարտադիր կուտակի՝ դրա համար չունենալով ցանկություն»: Նրա կարծիքով, պարտադիրի բաղադրիչն ընդհանրապես պետք է չլինի, որովհետեւ սեփականության իրավունքին է առնչվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի