Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հունիս 14,2018 14:18

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման պատճառները պարզելու համար։ Ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ բուտերբրոդում հայտնաբերվել է «Ոսկեգույն ստաֆիլակոկ»։

Ընկերության աշխատակիցների թունավորման ահազանգն ստացվել է 2018թ. մայիսի 17-ին։ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության աշխատակիցների համար, ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում, կազմակերպվել է ընդմիջում, որի ժամանակ ընկերության կողմից տրամադրվել են համբուրգերներ, որոնք ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց «Սննդային թունավորում» ախտորոշմամբ մի շարք աշխատակիցներ տեղափոխվել են բուժօգնության:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընկերության 101 աշխատակից ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Թունավորման աղբյուրը պարզելու նպատակով՝ փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից, «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի):

Պարզվել է, որ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։ Նույն օրը նշանակվել է դատասննդային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, սակայն եզրակացությունը դեռ չի ստացվել։

Վարույթն իրականացնող մարմինը հունիսի 11-ին ստացել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված նմուշառված սննդի և ջրի լաբորատոր փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որոնց՝ խմելու ջրի և կեռասի փորձաքննությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ սննդամթերքում` բուտերբրոդում, հայտնաբերվել են «ՄԱՖԱՄ» /մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ/, «ԱՑԽՄ» /աղիքային ցուպիկի խմբի մանրէներ/, «Ոսկեգույն ստաֆիլակոկ», որոնք գերազանցում են ՆՓ-ի սահմանված ցուցանիշների արժեքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից դատասննդային փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930