Կառավարությունն առեւտրային բանկերին առաջարկում է ներել ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքները: Կառավարությունը հունիսի 11-ին հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին՝ որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Առաջիկայում նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում:
Aravot.am-ի հարցերին պատասխանում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
-Ովքե՞ր կարող են օգտվել համաներումից եւ որ ժամանակահատվածի համար է որոշումը:
-Բոլոր ֆիզիկական անձինք, որոնց բանկերը կհամարեն անհուսալի վարկառու: Ժամանակային սահմանափակում չկա, թե երբ են վերցրել վարկը, որոշումը տարածվելու է մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ունեցած տույժ-տուգանքների վրա: Որեւէ սահմանափակում չկա, թե որքան կլինեն տույժերի ու տուգանքների չափերը: Վարկի տեսակը սահմանափակված չէ, դրանք ե՛ւ գյուղատնտեսական վարկերն են, ե՛ւ սպառողական, ե՛ւ հիփոթեք եւ այլն: Համաներումից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք:
-Ովքե՞ր կարող են համարվել անհուսալի վարկառուներ:
-Բանկերն անհատապես են որոշելու, թե ով կարող է անհուսալի վարկառու լինել: Անհուսալի կարող են համարվել այն վարկառուները, որոնք վարկային պարտավորությունների ժամկետները չեն կատարում, պարբերաբար խախտում են վճարման ժամկետները: Այսինքն՝ բանկը վարկառուին գնահատում է անհուսալի, երբ գումարի հետվերադարձը անհնարին է կամ հավանականությունը ցածր է:
-Ինչո՞ւ են բանկերը գնում նման զիջումների
-Համոզված եմ՝ բանկերը գնալու են այդ քայլին, որովհետեւ նրանք խնդիր ունեն ազատվել ոչ որակյալ եւ անհուսալի ակտիվներից: Տույժ-տուգանքները զիջելով պետությունը հնարավորություն է տալիս ազատվել հարկային պարտավորությունից: Բանկերը այդ չվճարվող տույժերի եւ տուգանքների դեպքում եկամուտ են հաշվարկում, հետեւաբար նաեւ շահութահարկ են վճարում: Այդ գումարների ներմամբ նրանք ազատվում են որոշակի չափի շահութահարկից:
-Ե՞րբ կարող են օգտվել համաներումից
-Երբ Ազգային ժողովն ընդունի օրենքը, բանկերն էլ հանդես կգան հայտարարությամբ եւ գործընթացը կսկսվի
Նելլի ԲԱԲԱՅԱՆ