«Նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք, լուծումներ կգտնենք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Բարեգործության մասին» օրենքի նախագծի հետ կապված ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարեգործության մասին» օրենքը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնիսկ սպառնացին կառավարությանը, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ-որ մի հատ էյֆորիա է սկսվել, որ պատերազմ է «Ծառուկյան» դաշինքի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Խորհուրդ եմ տալիս ոչ մեկին ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել եւ խորհուրդ եմ տալիս հին մտածելակերպից ձերբազատվել: Մեր երկրում շատ բան փոխվեց, բացի հին մտածելակերպից, այն, որ կառավարության անդամ ուժերը չեն կարող այս կամ այն հարցի վերաբերյալ օբյեկտիվ քննադատություն հնչեցնել կամ օբյեկտիվ միտք ասել ու բոլորը բոլոր հարցերում պիտի համաձայնեն: Ժողովրդավարության շարժիչ ուժը, դինամիկան է նաեւ, որ դու կարողանաս, եթե քո գործընկերոջ քայլում որեւէ խնդիր ես տեսնում, այդ մասին խոսել»:
Նաիրա Զոհրաբյանը սոցցանցերում անառողջ քննադատությունների հոսք է տեսել՝ իրենց հայտարարությունների ֆոնին. «Հարգելիներս, սովորեք հարգել նաեւ այլոց կարծիքը, եթե այն չի համընկնում ձեր կարծիքի հետ: Եթե մենք մեր երկրում կատարում ենք լրջագույն փոփոխություններ, նաեւ մտածողության փոփոխություն պիտի կատարենք ու պիտի հասկանանք, որ սրտացավ ասված խոսքը քո գործընկերոջը շատ ավելի կարեւոր է, քան մերկապարանոց եւ լղոզված քծնանքը: Եվ մի՛ փորձեք պաշտպանել Նիկոլ Փաշինյանին մեզանից՝ ձեր ֆեյսբուքյան անառողջ գրոհներով: Մենք մեր տեսակետն ենք ասում՝ բարեգործությունը օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, այդ ամենը կարգավորվում է բազմաթիվ օրենքներով, այդ թվում՝ «Ընտրական օրենսգրքով», «Բարեգործության մասին» 2002-ին ընդունած օրենքով ու լրացուցիչ ճիգերի, լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չկա: Եթե խոսում ենք Ծառուկյանի մասին, պիտի կրկնեմ, որ երբեւէ որեւէ անգամ Ծառուկյանի արած բարեգործությունը չի օգտագործվել ԲՀԿ-ին քաղաքական բոնուսներ բերելու համար, ո՛չ նախընտրական, ո՛չ ընտրական փուլում չի արվել բարեգործություն»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, բարեգործություն պիտի արվի այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի կարող վերցնել սոցիալական այն խավերի բեռը, ովքեր ունեն դրա կարիքը: Նա հիշեցրեց Ծառուկյանի խոսքերը՝ բարեգործությամբ երկիր չես պահի: Բայց քանի երկիրն ունի դրա կարիքը, այն պիտի արվի. «Երբ որ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ հորդորելու եմ Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործությունը, հաջորդ օրը սոցիալական տարբեր խմբեր, Գյումրու անօթեւան ընտանիքներ, անվճար ուսանողական ավտոբուսից օգտվողներ եկել էին Ծառուկյանի գրասենյակ եւ հորդորում էին չլսել Նաիրա Զոհրաբյանին ու չդադարեցնել, իմ հանդեպ սանկցիաներ կիրառել»:
Մեր դիտարկմանը՝ այդ օրենքով ոչ ոք Գագիկ Ծառուկյանին չէր ասում բարեգործություն մի արա ու առաջին ռեակցիան այն էր, որ եթե մաքուր է ամեն ինչ, նորմալ է ամեն ինչ, ինչո՞ւ են այսպես արձագանքում վերահսկողությանը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «2002-ին ընդունված մայր օրենքով այդ ամենը կարգավորվում է, Ընտրական օրենսգրքով կարգավորվում է հստակ, իսկ այդ դեպքում մեզ մոտ առաջին տպավորությունն էլ կարող է լինել, որ փորձում են մեկ կոնկրետ անձի տալ՝ որոշելու որն է բարեգործությունը, մենք էլ այստեղ իրավունք ունենք ունենալու առաջին տպավորություն եւ այդ առաջին տպավորության ներքո իրավունք ունենք մտածելու, որ դա արվում է Ծառուկյանի դեմ: Ես հասկանում եմ, որ բավականին քաղաքական ուժեր, նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչ-որ անառողջ էյֆորիայի մեջ են եւ փորձում են հակասություններ փնտրել «Քաղաքացիական պայմանագրի», Փաշինյանի եւ ԲՀԿ-ի միջեւ: Իզուր մի փնտրեք, մենք ունենք այնքան խոհեմություն միասին նստելու, բոլոր հարցերը քննարկելու եւ արժանապատիվ լուծումներ գտնելու: Իսկ այն մարդկանց, ովքեր այլ կարծիք ունենալը համարում են դարի հանցագործություն եւ նոր կառավարության անձեռնմխելիության դեմ ուղղված ինչ-որ ցեղասպանական գործողություն, հորդորում եմ հանգստանալ ու հասկանալ՝ շատ բան փոխվել է, բայց շատ մարդկանց մտածելակերպը եւ գործելաոճը չի փոխվել»:
Ըստ Զոհրաբյանի, միայն ընկերն ու բարեկամը կարող է իր գործընկերոջն ասել, որ դու ճիշտ չես եւ դա է ենթադրում ժողովրդավարությունը:
Հարցին՝ ձեր հրապարակային ելույթներից հետո արձագանք եղա՞վ կառավարությունից՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այս պահին դեռ չկա, բայց մենք վստահ ենք, որ քննարկումների արդյունքում մենք ճիշտ, խոհեմ լուծումները կգտնենք, որպեսզի չվտանգենք սոցիալական այն խավերին, ովքեր այսօր պետության անզորության պատճառով կարիք ունեն այդ օժանդակությունների»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ դուք ասում էիք, որ սա Կարեն Կարապետյանի վերջին վատությունն է Գագիկ Ծառուկյանին, մինչդեռ ՀՀԿ-ականներն ասում են, որ Կարեն Կարապետյանն ու Ծառուկյանը ընտանիքներով են նույնիսկ շատ մտերիմ, ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագիծը ստորագրվել է Կարապետյանի կողմից, իր վերջին նախագծերից է եւ թիրախը Գագիկ Ծառուկյանն է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ