Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դոկտորը՝ ԲՈՀ-ի ղեկավարի մասին. «Գործերս չեմ տա հաստատելու տկլոր տղամարդու հետ նկարվողին»

Հունիս 14,2018 13:02

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում փաստեր բերեց Գիտության պետական կոմիտեի վերանշանակված նախագահ Սամվել Հարությունյանի գործունեության վերաբերյալ՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, իր յուրայիններին հովանավորելու մեջ:

«Տասնյոթ անգամ նույն մարդիկ՝ Հրանտ Ավանեսյանն ու Ռուբեն Աղուզումցյանը դրամաշնորհներ են ստացել եւ նրանց նվիրվել է մեկական լաբորատորիա: Փաստերը ցույց են տալիս, որ սրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են, որ նա գնացել է կրիմինալ քայլերի… Այդ մարդիկ, ստացել են մեկ տասնյակից ավելի դրամաշնորհներ»,-հայտարարեց Խուդոյանը: Նաեւ ասաց, որ այդ երկու անձինք ոչ մի ինքնուրույն աշխատանք չունեն, ամբողջն արտագրված է:

«Ամբողջ համացանցում թափառում են Սամվել Հարությունյանի կոռուպցիոն գործունեության մասին տեղեկություններ: Եվ եթե սա միայն հոգեբանության ոլորտում է, մյուս ոլորտներո՞ւմ ինչ կլինի»,-ասում է հոգեբանը:

Նաեւ պնդում է, որ Սամվել Հարությունյանի կողմից պետական փաստաթղթեր են կեղծվել, որը, ըստ հոգեբանի, օրենքով պատժելի է: Սամվել Խուդոյանը պնդեց, որ ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանի ընկերը լինելով է Սամվել Հարությունյանն ազատորեն իրականացրել իր բոլոր ծրագրերը:

Ինչ վերաբերվում է ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանին, որը կառավարության կայքից էր տեղեկացել իր ազատման մասին, Խուդոյանի խոսքով, նա վերացրել էր փողով դիսերտացիաների հաստատումը, Լիլիթ Արզումանյանը միակ պետական բարձր պաշտոնյան էր, որը պայքարում էր գրագողության դեմ, նրա օրոք սկսեցին մերժվել դիսերտացիաները:

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը նշեց, որ Լիլիթ Արզումանյանին հեռացնելը ցնցել է գիտնականներին: «Նա վերին աստիճանի ազնիվ է եւ մարդկային: Նա կոռուպցիայից հեռու է, նվիրյալ»,-ասաց Անահիտ Տոնոյանը: Նրա խոսքով, անգամ մերժված ատենախոսությունների հեղինակները չեն կարող Լիլիթ Արզումանյանին մեղադրել կոռուպցիայի մեջ:

Տիկին Տոնոյանը ԲՈՀ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանն  էլ անդրադարձավ:

«Գուցե շատ տաղանդավոր է, բայց փորձ չունի, լավ կլիներ, որ որոշ ժամանակ Լիլիթ Արզումանյանի ձեռքի տակ աշխատեր: Եթե իրեն պետք է նշանակեին, լավ կլիներ, որ իր նկարները նախապես մաքրեր: Հիմա եթե ես նատուրալիստ եմ եւ գտնում եմ, որ պետք է տկլոր ման գալ, այդպե՞ս պետք է ման գամ եւ բոլորին պարտադրեմ ընդունե՞լ ինձ:

Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը: Ես չեմ ընդունում նման բաներ, չէ՞ որ կա հոգեբանական տարրական կուլտուրա»,-ասում է Անահիտ Տոնոյանը:

Սամվել Խուդոյանն էլ նշում է, որ եթե ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարը տաղանդավոր գիտնական է, ուրեմն նրան «փչացնում» են վարչական աշխատանք տալով:

Նա մի կոչ էլ գիտնականներին արեց. «Թքած երկու կոպեկի վրա, դուրս եկեք պայքարեք ընդդեմ գիտության քայլերի»:

Ինչ վերաբերվում է Սմբատ Գոգյանի աղմուկ հանած լուսանկարներին, Խուդոյանն այսպես է մեկնաբանում. «Տերմին ունենք հոգեբանության մեջ՝ ակցենտուացված անձնավորություն: Դա այն մարդն է, ում բնավորության որոշակի գծերն ուժեղ են արտահայտված, այս մարդիկ սիրում են ցուցադրել իրենց, աչքի ընկնել: Իհարկե, այս պարագայում նման մարդիկ երբեք չեն կարող հասնել Թրամփին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերն ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930