Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոփոխություններ կլինեն արագ, բայց նման արագություն, որ ակնկալում եք, դժվար է ստանալ»․ կրթության նախարար

Հունիս 14,2018 12:49

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան Շիրակի պետական համալսարանի խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով Գյումրի էր եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ռեկտորի առանձնասենյակում առանձին-առանձին ընդունեց կողմերի բաժանված կոլեկտիվի անդամներին, այնուհետ լսեց նաև ուսանողներին։ Գիշերը ժամը 12-ի սահմաններում նախարարը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Թե որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և քննարկեն միմյանց հետ հարցերը։ Չկա նման բան, որ համաձայն չլինեն, ես կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի երկխոսելու, ինչ-որ հարցի լուծում կգտնվի։ Ես հասկանում եմ, որ մենք մի քիչ արևելյան մտածելակերպ ունենք, այսպիսի մի խոսք կա՝ Արևմուտքում, երբ որ գնում ես փոխզիջման, հաղթում ես, երբ որ Արևելքում ես գնում փոխզիջման, պարտվում ես։ Հիմա պետք է փորձենք միջինացված տարբերակ գտնել, որտեղ մեր արժանապատվությունը չտուժի և վերականգնենք այն մթնոլորտը, որը կոչվում է ակադեմիական մթնոլորտ»։

Բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին վերականգնելու հետ կապված էլ, որոնց մասին իր նախորդ այցի ժամանակ ասել էր, թե ռեկտորի ժ/պ-ին հորդորել է քննարկել նրանց վերականգման հարցն առաջիկա շաբաթների ընթացքում, նշեց․« Նայեք, մենք շատ հստակ պետք է ընկալենք այն իրողությունները, որոնք կան։ Մենք սրա մասին խոսել ենք և սրանք զուտ բառեր չեն, որ կրթության և գիտության նախարարությունը և պետական պաշտոնյաները չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենան բուհերի աշխատանքին։ Եվ դրանք զուտ խոսքեր չպետք է լինեն, կրթության և գիտության նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս իրավիճակում կամ ասել՝ ինքն ինչ կաներ նման իրավիճակում։ Բուհերը իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների։ Ես նման դիրքորոշում եմ հայտնել ու դրա համար էլ այդ հայտարարությունն արել եմ։ Բուհերը իրենք պետք է քննարկեն․ կա նման լուծման հնարավորություն, կա դատական պրոցեսի միջոցով լուծման հնարավորություն։ Հիմա պետք է փորձենք միջինացնել դասախոսների շրջանում այս դիրքորոշումը և դրա շրջանակներում փորձենք լուծումներ գտնել»։

Իսկ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի դեմ ուղղված բողոքների հետ կապված էլ ասաց, որ ինքը զրուցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավար պարոն Շահինյանի հետ և պայմանավորվել են, որ պարոն Շահինյանը լուծումներ տա։

Նա ասաց, որ ուզում է հանդիպել կոնսերվատորիայի անձնակազմի հետ հասկանալու խնդրի էությունը, քանի որ նախարարի ձևակերպմամբ՝ այնքան հրապարակումներ, հակասական կարծիքներ կան՝ մեկը մյուսի անունով վարկ վերցրեց, սա փողը կերավ և այլն:

Իսկ որոշ դպրոցի տնօրենների կալանավորման հետ կապված, ասաց, որ միշտ խոսվել է կոռուպցիայի մասին, սակայն նախորդ իշխանությունները կամք ու ցանկություն չեն ունեցել գնալ հայտարարությունների հետքերով, իսկ նոր իշխանությունները գնալու են յուրաքանչյուր դեպքի հետևից ու վերացնելու են նման մեխանիզմները։

«Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը բոլորի վրա շատ դրական ազդեցություն է ունեցել, բոլորը շատ արագ փոփոխություններ են ուզում, փոփոխություններ կլինեն արագ, բայց նման արագություն, որ ակնկալում եք, դժվար է ստանալ»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե կոնսերվատորիայում 37 թիվը հիշեցնող մթնոլորտ է ստեղծված․ անձնակազմը՝ ի պաշտպանություն ղեկավարի ասուլիս է տալիս, բաց նամակ հղում վարչապետին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930