Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ են եւ ընտրակաշառքի գործոնը Նիկոլ Փաշինյանը խոստացել է բացառել։ Սա ենթադրում է, որ շատ քաղաքական ուժեր, որոնք տասնյակ հազարներով քվեներ էին «խփում» ու խորհրդարանում տեղեր ամրագրում, այլեւս նրանց դա չի հաջողվելու։ Միանգամայն պարզ է նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավորների սրտնեղած դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Բանն այն է, որ առաջիկա ընտրություններին քարոզարշավի շրջանակներում, ինչպես 2017 թվականին տեղի ունեցավ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջ ու ձախ բարեգործություններ կանի։
Միանշանակ պարզ է, որ «բարեգործությունը» իր էական ազդեցությունն է ունենալու ընտրողի ընտրության վրա, երբ հասնի քվեախցիկի մոտ։ Այս օրենքի ընդունումը հերթական կարգավորումներից մեկը կլինի, որ առաջիկայում արդար ընտրություններ անցկացվեն։
Այս դիտարկումների շուրջ, սակայն, ԱԺ պատգամավորները չէին շտապում մեկնաբանություններ տալ։ Մասնավորապես, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կսպասի մինչեւ նախագիծը հասնի խորհրդարան։
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ «Բարեգործության մասին» օրենքի նախագիծն ընտրակաշառքը բացառելու մեխանիզմ է։
«Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք, որ չարաշահվում է եւ օգտագործվում՝ որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ։ Դրա դեմ, այո՛, պետք է պայքարել, ես կարծում եմ բարեգործության դաշտը պետք է ավելի լիարժեք դարձնել, որ դա լինի իսկապես բարեգործություն։ Բարեգործությունն այն է, որ անում ես՝ իրապես ոչինչ չակնկալելով, եւ սա պետք է սահմանվի»,- նշեց նա։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում