Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Կարապետյանը այսօր էլ ընտանիքներով մոտիկ անձնավորություններ են». Գալուստ Սահակյան

Հունիս 14,2018 12:26

ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հարաբերությունները լարված են:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Բարեգործության մասին» օրենքին դեմ են, բորբոքվում են, նորմալ է, հետո հարաբերությունները կկարգավորեն:

Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարեգործության մասին» օրենքը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը, Միքայել ՄելքումյանըԻվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնիսկ սպառնացին կառավարությանը, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ ու եթե այն ընդունվի, հուլիսի 1-ից հորդորելու են Ծառուկյանին այլեւս բարեգործություններ չանել, իսկ շահառուներին ուղղորդելու են կառավարություն:

Գալուստ Սահակյանն ասաց. «Տեսնում եմ, որ վեճ կա, բայց այդ վեճը չի կարելի բազմապատկել, նոր բաների մասին մտածել: Եթե համաձայն չեն, պիտի նորից դնեն քննարկեն»:

«Ծառուկյան» խմբակցության անդամները վստահեցնում են, որ այդ օրենքի նախագիծը Կարեն Կարապետյանի մշակածն է եւ դա նրա վերջին վատությունն էր Գագիկ Ծառուկյանին: Ըստ Գալուստ Սահակյանի, կարեւոր չի, թե ով է օրենքը մշակել. «Ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը վատ հարաբերություններ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Մասնավորապես, ես գիտեմ, որ նրանք այսօր էլ ընտանիքներով մոտիկ անձնավորություններ են, ես չգիտեմ, որ իրենց մեջ ինչ-որ մի բան անցած լինի»:

Այդ դեպքում խմբակցության պատգամավորները Կարեն Կարապետյանի հասցեին ինչո՞ւ այդպես արտահայտվեցին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ասողներն ինչպես են մտածում, իրական կյանքն ինչպիսին է: Երբ քաղաքական գործիչները կկարողանան իրական կյանքով ապրել, այդ ժամանակ կարելի է կանխորոշել, թե որ միտքն ինչի համար են ասում»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ աշխարհում ընդունված բան է, որ բարեգործությունների վրա վերահսկողություն լինի. «Ովքեր բարեգործություն են անում, մշտապես իմանում են, գրանցում են: Նման դեպքերում է, որ արտոնություն է տրվում բարեգործներին»:

Ըստ Գալուստ Սահակյանի, Փաշինյանն ու Ծառուկյանը իրար մեջ պիտի քննարկեն խնդիրը եւ գան ընդհանուր համաձայնության. «Չեմ կարծում նրանց միջեւ որեւէ սեպ կխրվի, որովհետեւ նրանք միասին միտինգներին մասնակցում էին եւ գալիս էին մի նոր երաշխավորված ժամանակներ, որ ժողովուրդը ավելի լավ պիտի ապրի: Կարծում եմ, հիմա ավելի մեծ համագործակցություն պիտի ունենան, որ մեր ժողովուրդն ավելի երջանիկ ու լավ ապրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930