Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլյա Հայոս. «Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար». «168 ժամ»

Հունիս 14,2018 12:17

«168 ժամի» հետ զրույցում շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսն ասաց, որ վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա։

Հայոսի որակմամբ, իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է։ «Տարածված հաղորդագրության բովանդակությունը կարելի է դասական որակել։ Սովորաբար նման հանդիպումների իրական բովանդակությունը մնում է դռների ետևում։ Բնականաբար, ՀՀ վարչապետը ներկայացրել է իր մոտեցումներն Արցախի ներգրավման և մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք հաղորդագրության մեջ չես գտնի։ Ավելի լուրջ բովանդակություն այս հաղորդագրությունում ներառված չէր, քան նախկին պայմանավորվածությունների կատարումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի, որոնք միտված են հակամարտության գոտում հրադադարի մեխանիզմների ներդրմանն ու խաղաղության ամրապնդմանը։ Պատահական չէր այս հանգամանքը, քանի որ ներկայումս հակամարտության համար կարևորը խաղաղությունն է սահմանին և շփման գծում։ Բնականաբար, այս հրապարակային մասին եղել է նաև հանդիպման հատված, որի ընթացքում հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրել է իր դիրքորոշումը Արցախի փոխարեն բանակցելու ցանկություն չունենալու վերաբերյալ։ Կարծում եմ՝ համանախագահները լսել են հայկական կողմին, սակայն նրանց առաջիկա և առաջնահերթ անելիքը լինելու է բարձր մակարդակով կամ նախարարական մակարդակներով բանակցություններ կազմակերպելը, քանի որ հայկական կողմը, ինչպես նաև ադրբեջանականը, վերջին շրջանում բազմիցս խոսել են հանդիպելու պատրաստակամության մասին։

Իմ համոզմամբ, մինչ հայկական կողմի առաջարկներին հասնելը, համանախագահները կողմերի հետ մեծ անելիքներ ունեն՝ ուղղված իրավիճակի խաղաղեցմանը։ Իսկ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին պետք է տեղի ունենար ցանկացած պարագայում, քանի որ դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, պարզապես Ադրբեջանը Ղարաբաղի ներկայացուցչի հետ բանակցությունը համարում է Ղարաբաղի ճանաչում, ինչն այդ երկրի տեսանկյունից անընդունելի է։ Բայց դրան այլընտրանք չկա։ Ներկայումս Արցախի վերադարձը բանակցային սեղան ժամանակի հարց է, որի պարագայում հակամարտության կարգավորումը կլինի իրատեսական սցենար»,- նման տեսակետ հայտնեց Նիկոլյա Հայոսը՝ ամփոփելով, որ ներկայիս առաջնահերթությունն է՝ շփման գծում ստեղծված վտանգավոր իրավիճակի վերացումը բանակցությունների միջոցով։

Շվեյցարացի քաղաքագետը չի կիսում այն կարծիքը, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ «Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար։ Բայց միանշանակ ասել, որ կա պատերազմով հակամարտությունը լուծելու մտադրություն, ես չեմ կարող»,- նկատեց Հայոսը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930