Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը:
Դատավորը, դիմելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին, հարցրեց՝ պարոն Եղնուկյան, ինչո՞ւ եք ուշանում: Եղնուկյանը հայտնեց՝ ես այստեղ էի:
Դատավորը զգուշացրեց՝ պահպանեք կարգը, եթե մեկ անգամ էլ դատական նիստից ուշացումով ներկայանաք, ստիպված դատարանը պետք է փոխի խափանման միջոցը:
«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպան Վաղինակ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նա պատճառաբանեց, որ Արթուր Մելքոնյանն ունի երեք անչափահաս երեխա, ինքը զինվորական ծառայության ընթացքում ձեռք է բերել երրորդ կարգի հաշմանդամություն, կինը չի աշխատում, մայրն ունի հաշմանդամություն, ընտանիքը գոյատևում է մոր ստացած չնչին թոշակով:
Դատավորը, դիմելով Արթուր Մելքոնյանին, հարցրեց՝ քանի՞ երեխա ունես, ի՞նչ տարիքի են, կարոտե՞լ ես նրանց: Այնուհետև քննարկման առարկա դարձրեց այն հանգամանքը, որ Արթուրը բնակվում է Սպիտակ քաղաքում: Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալների հետ ունի պայմանավորվածություն, որ դատական նիստին մասնակցելու համար պետք է նախորդ օրը երեկոյան գան Երևան: Դա բավարարեց դատավորին:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ Արթուր Մելքոնյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ և խնդրեց բավարարել միջնորդությունը:
Մեղադրող դատախազը ևս չառարկեց միջնորդությունը:
Դատարանը միջնորդության մասին որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ 12.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ