Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանն ավելի բարձր է, քան թե Մանթաշովը». Բոստանջյանը Ծառուկյանին համեմատում է Քըրքորյանի ու Մանթաշովի հետ

Հունիս 14,2018 12:01

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարեգործության մասին» օրենքը, որի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին նույնիսկ սպառնացին կառավարությանը, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ ու եթե այն ընդունվի, հուլիսի 1-ից հորդորելու են Ծառուկյանին այլեւս բարեգործություններ չանել, իսկ շահառուներին ուղղորդելու են կառավարության դեմ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մեր հարցին՝ ինչո՞ւ այսպես աղմուկ բարձրացրեց ձեր խմբակցությունը, եթե վերահսկողություն լինի բարեգործությունների նկատմամբ, դա ինչո՞վ է վատ՝ նա պատասխանեց. «Իհարկե, վատ չի: Բնականաբար, պետական ամբողջ կառավարման համակարգով վերահսկողական ապարատը ցանկացած ամենափոքր հարցում իսկ պետք է լինի, բայց վերահսկողությունը պետք է չենթադրի այդպես սուբյեկտիվ կամ կասեի փուչ մոտեցումներ, համաձայն որի կարող է այդ գործունեությունը խանգարվել, վտանգվել: Տվյալ պարագայում զայրույթը կամ հավասարակշռությունից մեր փոքր-ինչ դուրս գալը պայմանավորված էր այդ հանգամանքով»:

Ըստ Բոստանջյանի, երկրում շատ խոցելի հարցերի առկայության պարագայում զարմանալի է, որ նոր իշխանությունները բարեգործությունների վերահսկողության մասին են մտածում. «Վատ չի մտածելը, բայց գիտեք, միտումնավորությունը պայմանավորված է ավելի նախորդով: Ի դեմս նախորդ կառավարության, հակվածություն կար Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործության առաջ խոչընդոտներ սարքել: Դա պայմանավորված էր սուբյեկտիվ մի էլեմենտով: Տեսեք, մենք կարողանում ենք Մանթաշովով հպարտանալ, Քըրքորյանով հպարտանալ ու եզակի մարդկանցով, որոնց էությունը էդ է եղել՝ մարդկանց հասնել, իսկ օրինակի համար Ծառուկյանը, որը սկսում է երեխաներից, ուսանողներից, անօթեւաններից, խոցելի խավերից, հիմա տեսեք այս օրինագիծը, որով պետք է ոմն մեկը ասի՝ դա բարեգործություն է, թե՞ բարեգործություն չէ: Եթե դու ուզում ես լավություն անել, էն էլ մի երկրում, որտեղ բարդ խնդիրներ կան՝ աղքատություն, քանդված գյուղեր, արտագաղթ, մտածում են՝ մենք դեռեւս աջակցենք, օգնենք, թե չօգնե՞նք: Սա ցույց է տալիս, որ դեմ գործունեություն է ծավալվում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությո՞ւնը՝ Բոստանջյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք դուք անձնավորում: Այո, եթե ուզում եք իմանալ, հենց թող էդպես ստացվի»:

Հարցին՝ ինչ-որ պայմանավորվածությո՞ւն է խախտվել Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ նա պատասխանեց, որ չգիտի, այդ պայմանավորվածություններին չի մասնակցել, որ իմանա՝ խախտվե՞լ է, թե՞ ոչ:

Մեր հարցին՝ դուք համեմատում եք Գագիկ Ծառուկյանին Մանթաշովի, Քըրքորյանի հե՞տ՝ Բոստանջյանը պատասխանեց. «Ինձ թվում է Ծառուկյանն ավելի բարձր է, բա ավելի բարձր է, քան թե Մանթաշովը, բայց ինչի՞ չեք ուզում համեմատել, ի՞նչն է ձեզ դրդում չհամեմատել»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը մեր երկրում գործարար է, բիզնես է անում ու միաժամանակ զբաղվում քաղաքականությամբ, չե՞նք կարող ենթադրել, որ, օրինակ, բարեգործության անվան տակ փող լվանա, ի վերջո նա մի շարք արտոնություններ է ստանում բարեգործ լինելով՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ինքը ասում է՝ ստուգե՛ք ինձ»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են խմբակցության պատգամավորներն ասում՝ այ եթե այս օրենքն ընդունեք, մենք շահառուներին կուղղորդենք կառավարություն, ինչո՞ւ են սպառնում, ուրեմն վախենալու մի բան կա, չէ՞, որ ասում են՝ Բոստանջյանը պատասխանեց. «Ես շատ հաճախ մտածում եմ՝ ինչի՞ մեր ազգը լավ օրի չի արժանացել, այ սե՛նց ա եղել, որովհետեւ մենք ոչ մեկին չենք հավանում, ոչինչ չենք հավանում, ամեն ինչի տակ կասկած ենք դնում՝ ի տարբերություն բազմաթիվ ազգերի: Հլը տես՝ էնի Մանթաշով չի, Մանթաշովի մոտ էլ ասեն, կասեն՝ դու էլ ուզում էիր ուրիշ բան անել: Այսինքն, մենք չենք սիրում, հասկանո՞ւմ եք: Ամբողջ սորոսներ-մորոսներ մոլորակը քանդեցին, բան չեք ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Թորոսյան says:

    Բարեգործական թե՞ ընտրական վայնասուն
    Ձեռնարկատեր Ծառուկյանի պատգամավորների բարեգործական ըմբոստացումը բնական է՝ սովորել են տարիներով ու անպատիժ խախտել երկրի օրենքները և իշխանություն յուրացրել: Չհավատացողներին կամ չհասկացողներին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել դատախազության, ԿԸՀ-ի, դատարանների, այդ թվում ՍԴ-ի արխիվային նյութերը: Բանը հասել է նրան, որ ԲՀԿ պաշտոնեական կայքում իբր բարեգործությունն անթաքույց ներկայացվել է, որպես կուսակցական գործունեություն:
    Իհարկե, ճիշտ կլիներ սկզբից պատասխանտվության կանչել «բարեգործներին» իշխանության յուրացման համար, քանի որ փաստն էլ առկա է, այն էլ աղաղակող՝ պառլամենտի 1/3-ը պատկանում է ձեռնարկատեր Ծառուկյանին…
    …Ա՜յ, այդ ժամանակ այս վայնասունը չէր լինի:

    Ռուբեն Թորոսյան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930