Սմբատ Գոգյանը երիտասարդ գիտնական է, նրան անձամբ ճանաչողների պնդմամբ` բավականին խոստումնալից։ Նա ՀՀ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասախոսում է Երեւանի պետական համալսարանում եւ դասավանդում Երեւանի ֆիզմաթ դպրոցում։ Նրա սաների ծնողների պնդմամբ՝ բացառիկ ուսուցիչ է թե գիտելիքներ փոխանցելու, թե երեխաների հետ մարդկային շփումներում։
Բայց այս ամենի հետ մեկտեղ, Գոգյանը, այսպես ասենք՝ ոչ այնքան սովորական, նույնիսկ էքսցենտրիկ լուսանկարներ ունի իր ֆեյսբուքյան էջում։ Մի լուսանկարում նա «քյառթու» դիրքով «պպզած է» մի ինչ-որ մեքենայի վրա, մյուսում ֆաշիստական համազգեստով խրոխտ նստած է, երրորդում «300 սպարտացիներ» ֆիլմի մի դրվագում «ֆոտոշոփի» շնորհիվ ինտեգրվել է, չորրորդում իր երեխաների հետ լեզու հանած է նկարվել, հինգերորդում միանգամից երկու հեծանիվ է վարում եւ այլն, եւ այսպես շարունակ։
Ահա այս լուսանկարները որոշ լրատվամիջոցների եւ ֆեյսբուքի մի խումբ օգտատերերի համար առանցքային նշանակություն էին ձեռք բերել։ Գոգյանին ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում նշանակելու՝ վարչապետի որոշման հիման վրա ֆեյսբուքցիների այդ խումբը գրեթե ազդարարեց Հայաստանի վերջնական կործանումը։
Ինքը՝ Գոգյանը լրատվամիջոցների հետ զրույցում ամենևին չզղջաց իր այդ լուսանկարների համար, որեւէ կերպ չհրաժարվեց իր «մութ անցյալից», ավելին, մինչեւ հիմա այդ լուսանկարները նրա էջում են ու հավանաբար չեն հեռացվի։ Նա այդ լուսանկարներից յուրաքանչյուրի հայտնվելը բացատրեց տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած որեւէ իրադարձության նկատմամբ իր վերաբերմունքով։ Օրինակ, երկու հեծանիվների վրա լուսանկարվելը կապված էր համաշխարհային ճանաչում ստացած մի գովազդի հետ, որտեղ Ժան Կլոդ Վանդամը նկարահանվում էր երկու բեռնատարների հետ։
Այդ լուսանկարների պատճառով Գոգյանին մինչեւ անգամ անձնական վիրավորանքներ հասցնող օգտատերերին ամենեւին չէր հետաքրքրում, թե մասնագիտական առումով ինչպես կդրսեւորի իրեն նորանշանակ պաշտոնյան, ինչ ծրագրեր ունի, ինչն է ուզում փոխել եւ այլն։ Նշենք միայն, որ այդ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան։ Մասնավորապես Հայաստանում ցանկացած օլիգարխ, կիսագրագետ պաշտոնյա, քրեական հեղինակություն անցած տարիներին կարող էր գիտական կոչումներ ստանալ, եւ շատերը ստացել են։
Գուցե Գոգյանը տապալի իրեն հանձնարարված ոլորտը, գուցե աննախադեպ հաջողությունների հասնի…։ Այս պահին դա դեռ հայտնի չէ: Սակայն հումորային ու սարկազմով լուսանկարների համար նրան անարգանքի սյունին գամելը, մեղմ ասած, իռացիոնալ է։ Ի վերջո, բոլորս գիտենք, որ ամենահայտնի կաշառակերներն ու սրիկաներն ընդհանրապես սոցցանցերում չունեն էջեր, էքսցենտրիկության ոչ մի նշույլ չեն դրսեւորում, բոլոր լուսանկարներում նրանք շատ «պրեզենտաբելնի» դիրքով նստած են իրենց գրասեղանի մոտ, գրասեղանին դրված են բազմաթիվ գրքեր, իրենք էլ միշտ սափրված են ու թանկարժեք կոստյումներով են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում