Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ նախընտրական ծրագրում խոստացել են մի քայլ, մեկ տարի անց՝ հայտնվելով իշխանության ղեկին, անում են տրամագծորեն դրա հակառակը. «Հայոց աշխարհ»

Հունիս 14,2018 11:01

Մեր օրերից մեկ տարի առաջ «Ելք» դաշինքը հիմնական նախընտրական խոստումների եւ, իշխանության գալու դեպքում իրականացնելիք քայլերի շարքում առավել քան պարզորոշ մատնանշել է. «Կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը եւ կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը»:

Անցյալ տարվա ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքը, ինչպես հայտնի է, «գոլդ» արդյունք արձանագրեց՝ 7,77 տոկոս, դարձավ ընդդիմադիր խորհրդարանական ուժ՝ 9 պատգամավորով:

Իսկ հիմա, ավելի ճիշտ՝ ապրիլ-մայիսի թավշահեղափոխական զարգացումների հետեւանքով, ինչպես հայտնի է, «Ելք» խմբակցության ղեկավար եւ նշյալ իշխանափոխության նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ:

Եվ ահա, օրերս, կառավարության արտահերթ նիստում նա նույն կուտակային համակարգի նույն պարտադիր բաղադրիչի վերաբերյալ կրքոտ պաշտպանում էր իրենց դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված սկզբունքային մոտեցմանը տրամագծորեն հակասող դիրքորոշում:

Նա, իհարկե, ե՛ւ կառավարության նիստում, ե՛ւ նախօրեի կեսգիշերը՝ «ուղիղ միացման» ընթացքում երկար-բարակ բացատրում էր, թե ինչու կամ ինչ գործոնների ազդեցությամբ է վերանայել, ավելի ճիշտ՝ կտրականապես փոխել կուտակայինի պարտադիր բաղադրիչի հարցում ունեցած մոտեցումը: Կարելի է այդ բացատրությունները պատճառաբանված համարել, կարելի է նույնքան երկար-բարակ ծանրութեթեւ անել բերված փաստարկներն ու հիմնավորումները առ այն, թե ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, թե ծրագրի իրականացման մեջ ներգրավված օտարերկրյա ներդրող ու ազդեցիկ ընկերությունների հարաբերություններում «խաղի կանոնների» փոփոխությունը, այսինքն՝ պարտադիր կուտակայինի խոստացված չեղարկումը լրջագույն տնտեսական ու վարկանիշային խնդիրներ կհարուցեր Հայաստանի՝ առանց այդ էլ խոցելի տնտեսության համար եւ այսպես շարունակ:

Կարելի էր: Բայց դա թողնենք տնտեսագետներին, փորձագետներին, ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն մի քայլ եւ արտահայտություն ամեն գնով ու ամեն կերպ՝ «թողեք աշխատեն… բա որ նախկին իշխանությունն անում էր… դուք չգիտեք, ինչ անում են՝ ժողովրդի համար են անում» կաղապարներով արդարացնող-պաշտպանողներին:

Այո, բայց այդ բոլոր բացատրություն-արդարացումները չեն չեզոքացնում, չեն վերացնում բուն փաստը. «Ելքը» եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ նախընտրական ծրագրում խոստացել են մի քայլ, մեկ տարի անց՝ հայտնվելով իշխանության ղեկին, անում են տրամագծորեն դրա հակառակը:

Նախքան իշխանություն դառնալն ասում էին քայլ կանեն՝ կչեղարկեն կուտակայինի պարտադիր բաղադրիչը, իշխանություն դառնալուց հետո՝ քայլ արեցին, վերահաստատեցին նույն այդ պարտադիր բաղադրիչը՝ արդեն ծրագրի մեջ գտնվող քաղաքացիների համար կիսով չափ նվազեցնելով գանձման տոկոսադրույքը: Հետեւաբար «Ելքի» նախընտրական ծրագրում նշված դրույթը, խոստումը, ամրագրումը «հեչ բան էր»: Այնպես՝ դատարկ խոստում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930