Արամ Սարգսյանը չի ուզում, որ Հոկտեմբերի 27-ի գործը
վերանայեն հիմա, ըստ նրա՝ առաջնայինը Մարտի 1-ն է
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել իրավապահներին Մարտի 1-ը բացահայտել ու իրենց անունը ոսկե տառերով գրել ՀՀ պատմության մեջ: Երեկ էլ ՀՔԾ նոր պետին ներկայացնելիս նա խոսեց Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Բայց որեւէ խոսք, հանձնարարական չկա Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին:
Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ: Նա ասաց. «Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի խնդիրն իր մեջ իր անջատված մասով ունի նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչ, եւ այդ հարցին անդրադառնալու ավելի հարմար ժամանակ եմ համարում արտահերթ ընտրություններից հետո նոր ձեւավորված իշխանության կառավարության շրջանակներում: Գիտեք, երբ որ ծանրամարտիկը փորձում է բարձրացնել ավելի ծանր բեռ, քան մինչեւ այդ բարձրացրել է մարզումների ժամանակ, դա կարող է ոչ միայն դրական արդյունք չունենալ, այլ նաեւ շատ վատ հետեւանքներ պարունակել իր մեջ: Ես կարծում եմ, որ այս փուլում, երբ Մարտի 1-ի գործը փակված չէ, բաց է, իսկ Հոկտեմբերի 27-ի գործը փակված է, առաջնայինը Մարտի 1-ի խնդիրները լուծելն է, առաջնայինը երկրի ներքաղաքական իրավիճակի խնդիրները լուծելն է, որից հետո արդեն հանգիստ ժամանակաշրջանում արտաքին քաղաքական այդ ժամանակվա գործընթացների, այցելությունների, որոշումների, մոտեցումների տարբերությունները նայելը եւ Հոկտեմբերի 27-ից հետո եղած բոլոր վարկածների՝ նոր իշխանությամբ, նոր դատախազությամբ, նոր քննչական մարմնով հատ առ հատ ստուգելը»:
Մենք ճշտեցինք, այսինքն՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելը Նիկոլ Փաշինյանի համար ծանր բե՞ռ է, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես այն բացահայտելը պետության համար չափազանց ծանր խնդիր է, որի բացահայտումը հնարավոր է միայն հանգիստ եւ հնարավորինս վստահելի դատական իշխանություն ունենալու պարագայում, որովհետեւ կա անմեղության կանխավարկած, եւ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների առումով եղած վարկածները բազմաթիվ են: Դրանք սկսվում են կոռուպցիայից, վերջանում են արտաքին քաղաքական ազդեցություններով եւ հակադրություններով, ընդ որում, տարբեր պետությունների առումով կան առանձին վարկածներ՝ սկսած Իրանից, վերջացրած ՌԴ-ով ու ԱՄՆ-ով: Այս բոլոր վարկածները կան: Այսինքն՝ պիտի լինի խումբ, որ այս բոլոր վարկածները առանձին-առանձին պիտի քննարկի, ու դրանք մերժելով՝ վերջնական հանրագումարի գան: Շատ-շատ բարդ խնդիր է, ու պետք չէ այդ խնդրում ի սկզբանե ականջահաճո կամ ամպագոռգոռ հայտարարություններ անել: Մարտի 1-ի խնդիրն այդպիսին չի, այդ գործում գոնե 4 հոգու պարագայում հստակ հանգիստ 3 օրվա մեջ կարող ես պարզել, թե ով կրակեց: Կրակողն ունենալով՝ կարող ես պարզել, թե ով հրաման տվեց, հրաման տվողից կարող ես պարզել, թե իրեն ով հրաման տվեց: Այսինքն՝ Մարտի 1-ի առումով հստակ է նաեւ, որ գործը կոծկման հրահանգ է իջել, ու գործն աշխատել են կոծկել»:
Հարցին՝ իսկ Հոկտեմբերի 27-ի մասով այդ մտավախությունը չունե՞ք, որ գործը կոծկել են, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի մասով գործի կոծկման մտավախությունը, այո, կա, եւ դա հստակ երեւում էր նաեւ վկաների չհարցաքննման առումով, դա հստակ երեւում էր քննչական խմբի տարբեր ժամանակներում ունեցած տարբեր ազդեցությունների առումով, բայց Հոկտեմբերի 27-ի գործի քննման առաջին 6 ամսում ես եղել եմ վարչապետ եւ պիտի ասեմ, որ այնտեղ քաղաքական գործոնն էլ շատ-շատ լուրջ դեր ուներ՝ քննչական խմբի գործունեության առումով»:
Մեր հարցին՝ այսինքն՝ եթե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելը շատ դժվար է, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դրա մասին պետք է որեւէ բառ չասվե՞ր, բացահայտման մասին չխոսվե՞ր, դա նորմա՞լ եք համարում, հատկապես դուք դրան ո՞նց եք վերաբերվում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ռազմական դատախազությունը այն գործը, որ կազմել էր, իհարկե, այդ գործում բազմաթիվ բացահայտումներ կան, որոնց հետեւից գնալ եւ հետաքննել է պետք միանշանակ, ու այս առումով իմ կարծիքը միանշանակ է՝ գործը պիտի վերանայվի: Բայց ես չեմ ուզում, որ այդ գործը վերանայի այն իրավական համակարգը, ինչն այսօր կա: Ես չեմ վստահում»:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատական համակարգն այլեւս հրահանգներով չի աշխատելու, արդար դատաքննություն է անելու, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Իհարկե, հրահանգ չի լինի, բայց այն դատախազները, այն քննիչները, որոնք նախկինում իշխանության հրահանգով աշխատել են, իրենք իրենց պիտի պաշտպանե՞ն, թե՞ չէ: Թե՞ իրենք պիտի ասեն՝ գիտեք ինչ, մեզ հրահանգ էին տվել, մենք էլ այսպես արեցինք: Դուք տեսե՞լ եք մարդ, ով կխոստովանի, որ իրեն հրահանգ էին տվել, դրա համար է դա արել: Դա մի դեպքում է լինում՝ երբ իրեն դատում են 15 տարվա հոդվածով, ու ինքն ասում է՝ ես այդքան մեղք չունեմ, ես զինվորական էի, հրահանգ արեցի: Որեւէ դատավոր, դատախազ, նույնիսկ փաստաբան չի ասում, որ ես հրահանգով եմ դա արել: Քաղաքական սպանությունների խնդիրը եւ դրանց բացահայտման խնդիրը, առավել եւս մեր տարածաշրջանի համար, որն ունի հակառակորդ հարեւաններ, կան գերտերություններ, որոնք շահագրգռված են այս տարածքով, եւ որոշակի ինքնուրույնություն ունեցող իշխանությունը ձեռնտու չէր այդ շրջանակում, նման խնդիրները բացահայտելը շատ բարդ խնդիր է: Կկարողանա՞ ՀՀ դատական համակարգը, թե՞ ոչ՝ ինձ համար լուրջ կասկածների տեղիք է տալիս, բայց որ դա պիտի փորձել, պիտի անել՝ միանշանակ»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ կառավարության ուղերձում շատ բաների մասին էր, որ արժեր գրել, բայց այս ուղերձն իր բովանդակության մեջ այլ խնդիր էր դրել, որտեղ մեկ տարվա առաջնային խնդիրներն էին հիմնական արծարծվում. «1 տարվա կտրվածքով Մարտի 1-ը միանշանակ մտնում էր դրա մեջ, որովհետեւ Հոկտեմբերի 27-ը անհամեմատ ավելի բարդ էր»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
13.06.2018