Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է մաքսային ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությամբ, մանր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ չեն կարողանում իրենց ապրանքը ներմուծել Հայաստան: Արդեն քանի օր է, ավելի կոնկրետ՝ շաբաթ օրվանից, հիմնականում փոքր խմբաքանակով հագուստ ներկրողների ապրանքը Հայաստան չի հասնում:
Այս ներկրողները տոնավաճառներում, փոքր խանութներում հագուստի վաճառքով զբաղվողներ են, որոնց ապրանքը ներմուծվում էր Պետական եկամուտների նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի «թեթեւ ձեռքով» ստեղծված ու իր «տնօրինությամբ» գործող կարգոների միջոցով: Այս մանր գործարարները, ասենք՝ Թուրքիայում կամ Չինաստանում գնում էին ապրանքը, ապա կարգոների միջոցով դրանք տեղափոխվում էին Հայաստան: Այս բեռնափոխադրողները համագործակցում էին «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի հետ, որն էլ իրականացնում էր մաքսազերծումը:
Նախօրեին մանր բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պետք է բողոքի ցույց անեն, սակայն երեկ այդ ցույցը տեղի չունեցավ: Ցույցի տրամադրված անձանց խոստացել էին, թե բեռնափոխադրող մեքենաները երեկ պիտի որ սահմանը հատեին ու ինչ-որ կերպ մաքսազերծումն իրականացնեին: Սակայն երեկ երեկոյան բազմաթիվ առեւտրականներ դեռեւս դժգոհում էին, որ իրենց ապրանքն այդպես էլ տեղ չի հասել:
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առավոտ»-ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ բեռնափոխադրողներ-կարգոները միտումնավոր քայլեր են անում:
«Մարդիկ, որոնք «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ով էին աշխատում, հիմա նրանց խնդիրը առկախված է: Մեքենաները, որոնք «Նորֆոլկ»-ով էին աշխատում, երկիր չեն մտնում: Երեւի սպասում են, տեսնեն՝ ինչ լուծում կլինի: Քանի որ ՊԵԿ-ը որեւէ պարզաբանում չի տալիս, ստիպված նման եզրակացություններ ենք անում մանր գործարարների հայտնած դժգոհություններից»,- ասաց Գրիգորյանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մանր բիզնեսին ուղղորդում են. «Գագիկ Խաչատրյանի կարգոները, որոնք ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի ստեղծած «Նորֆոլկի» համար բեռնափոխադրումներ են անում, մանր բիզնեսին ուղղորդում են բողոքի ցույցի: Կարծես ուզում են իրենց պայմանները թելադրել կառավարությանը: Ինձ շատերն են զանգում ու հայտնում՝ մեզ ասում են՝ գնացեք ցույց արեք»:
Գրիգորյանը պատմեց, թե կարգոների միջոցով մանր գործարարներն ինչպես էին ներմուծում իրենց ապրանքը. դրանք հիմնականում 20-30 եւ գուցե մի փոքր ավելի կիլոգրամանոց ապրանքներն են, որոնք անհատապես ներմուծելը ձեռնտու չէր: Ուստի այդ անձինք իրենց ապրանքը Հայաստան էին հասցնում կարգոների միջոցով. «Կարգոները նրանցից՝ այդ հաճախորդներից, պայմանական ասած՝ 3,5 դոլար էին վերցնում, 2,5-ը տալիս էին «Նորֆոլկին», որն էլ մաքսազերծում էր: Հիմա այս կարգոները պետք է բերեն, բայց հրաժարվում են, որովհետեւ ուղղակի բեռնափոխադրումների համար երեւի բավարար չէ այդ գումարը, հավանաբար ավելին են ուզում: Ես սա շանտաժի եմ նմանեցնում: Նրանք բիզնեսին լարում են պետության դեմ»:
Գրիգորյանի համար անհասկանալի է, որ Պետական եկամուտների կոմիտեն քանի օր է՝ քար լռություն է պահում եւ չի արձագանքում մարդկանց դժգոհությանը եւ անգամ որեւէ քայլ չի ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ:
Պետությունը հիմա «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի մենաշնորհի ու միլիոնավոր դոլարների հասնող հարկերը թաքցնելու դեմ է պայքարում, սակայն հաշվի չի առել, որ այդ ընթացքում գոնե ժամանակավոր լուծումը պետք է նախապես մտածեր, որպեսզի այդ մանր գործարարները չտուժեին: Գրիգորյանն ասաց, որ այդ մանր գործարարները բոլորը վարկերով են աշխատում, տոկոսներ ունեն վճարելու, ապրանքը, որը սեզոնային է, տեղ չհասցնելու եւ չմաքսազերծելու արդյունքում այս գործարարները հսկայական վնասներ են կրում, ու շատերը հավանաբար «տակից դուրս չեն գա»: Գրիգորյանը նկատեց. «Նրանք ապրանք են բերում տվյալ սեզոնին վաճառելու համար: Մի օր ուշացումն էլ խնդիր է: Եթե մի քիչ ուշացնում են, այդ ապրանքն այլեւս չի վաճառվի»:
Սամսոն Գրիգորյանը, մինչդեռ, վստահ է՝ խնդիրը հնարավոր է հեշտությամբ լուծել: Պարոն Գրիգորյանը ՊԵԿ-ին հուշեց, թե ինչ է հնարավոր անել. «Հանգիստ կարող են կարգոներին ասել, նույնիսկ պարտադրել՝ բեռները անցկացրեք Հայաստան, մանավանդ «Նորֆոլկի» բեռնափոխադրողների «պոչն իրենց ոտքի տակ է»: Այսինքն՝ կարգոն մանր բեռները հավաքի մինչեւ մեկ «կոնտեյներ» ու փոխադրի, ասի՝ մաքսազերծման հետ գործ չունեք, կստանաք բեռնափոխադրման գումարները, իսկ մաքսազերծումն անհատները կանեն: ՊԵԿ-ը կարող էր այս ընթացքում ժամանակավոր խումբ ստեղծել՝ մարդկանց հարցը լուծեր պարզեցված ընթացակարգով, որպեսզի մարդկանց բիզնեսը կոլապսի չենթարկվի: Ի վերջո, իրողություններ են փոխվել, եւ այդ խնդիրները կարելի է նոր իրողություններից ելնելով լուծել»:
Այն բանից հետո երբ ԱԱԾ-ն «մտավ» «Նորֆոլկ Քոնսալթինգ» ու չարաշահումներ բացահայտեց, քրեական գործ հարուցվեց, ընկերության գործադիր տնօրենը, որը «Գազպրոմ-Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է, հայտարարեց. «Ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, եւ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։ Քրեական գործով հաշվարկված վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում»։
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
13.06.2018