Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավական փակուղուց դուրս գալու ելքը Հայաստանի անկախության մասին հռչակագիրն է

Հունիս 14,2018 13:30

«Առավոտ» օրաթերթի «Կայուն խորհրդարանական մեծամասնություն» վերտառությամբ հոդվածում (16.05.2018թ.) քննարկվում են ներհայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես մատնանշելով, որ գործող Սահմանադրության մի շարք դրույթների հետեւանքով ստեղծվել է իրավական փակուղի: Հոդվածագիրը նշում է օրենսդիր իշխանության ձեւավորման հարցը կարգավորող Սահմանադրության առանցքային 89-րդ հոդվածը, ըստ որի՝ «Կայուն խորհրդարանական մեծամասնություն» եզրույթի նորամուծությամբ ի չիք է դարձվում Սահմանադրության բուն իմաստը: Նրա կարծիքով՝ այդ գաղափարի իրականացման միջոցով իշխանություններն իբր փորձել են երկրում հաստատել կայուն զարգացում, սակայն դա հենց առաջին իսկ փորձության ժամանակ տապալվեց եւ հանգեցրեց փակուղային իրավիճակի: Եվ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ՝ հոդվածագիրն առաջարկում է Ազգային ժողովի կայուն մեծամասնության հրաժարականը եւ գործող Սահմանադրությունից հրաժարվելը:
Ընդհանուր առմամբ համաձայնելով հեղինակի հարցադրումներին՝ հարկ է նշել, որ միայն կայուն խորհրդարանական մեծամասնության հրաժարականով խնդիրը չի լուծվում, քանի որ Սահմանադրությունը, ըստ էության, լինելով իշխանությունների զսպման, սահմանափակման երաշխիք՝ ամբողջովին չի կանոնակարգում առաջարկված եղանակով խնդրի լուծման մեխանիզմները:

Անդրադառնալով իշխանության ձեւավորման եւ բնականոն գործունեության վերաբերյալ սահմանադրական լուծումներին, պետք է նշել, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը վերափոխվեց խորհրդարանական, կամ ինչպես ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ սուպերվարչապետական կառավարման մոդելի, որտեղ վարչապետն օժտված է բացարձակ լիազորություններով: Սահմանադրությամբ՝ պետության, հատկապես հանրային իշխանության ձեւավորման հարցում առանցքային նշանակություն ունի 89-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ «կայուն խորհրդարանական մեծամասնության» պահանջը: Այդ չարաբաստիկ եւ իր բնույթով սովետական պահանջը արտացոլված է նաեւ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում: Առաջանում է հետեւյալ հարցը. այն դեպքում, երբ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 3-րդ անփոփոխ համարվող հոդվածներով քաղաքացուն տրվում է իշխանության ձեւավորման եւ վարման (կառավարմանը մասնակցելու) իրավունք, որի փոխանցման ուղին ազատ ընտրություններն են, ապա այդ ի՞նչ սկզբունքով է պարտադրվում խորհրդարանի ձեւավորման փուլում «կայուն խորհրդարանական մեծամասնության» պարտադիր պահանջը, եւ ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Պատասխանը քողարկված է Ազգային ժողովի արձակման գրեթե անհնարինությամբ՝ պարուրված սահմանադրական ամուր պաշտպանությամբ: Դա է վկայում 92-րդ հոդվածով ամրագրված՝ ԱԺ արտահերթ ընտրության մեխանիզմը, համաձայն որի՝ որպես շարժառիթ է նշվում ինչպես պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության քվեով (այսինքն՝ կայուն խորհրդարանական մեծամասնության) վարչապետի կրկին չընտրվելը (149-րդ հոդվածի 3-րդ մաս), որի դեպքում Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով, այնպես էլ՝ 151-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակումը, երբ ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, եւ առաջանում է վարչապետի նոր ընտրության խնդիր, որը լուծվում է կրկին 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նոր վարչապետի ընտրությամբ: Եվ այս դեպքում եթե կրկին չի ընտրվում վարչապետ, ապա նույն հոդվածի 3-րդ մասի ուժով առաջին քվեարկությունից յոթ օր հետո վարչապետի նոր ընտրություն է անցկացվում, որին պետք է կողմ քվեարկի կրկին պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եվ ահա այստեղ է ի հայտ գալիս սահմանադրաիրավական լուծման փակուղին: Նման սահմանադրական պահանջը (կայուն խորհրդարանական մեծամասնություն) պետության կազմաքանդման հիմքն է:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը կարծես հայտնվել է նկուղում, եւ այդ կարեւոր փաստաթղթի վրա տասնամյակների փոշի է նստել: Ժամանակն է հանել այն նկուղից, քանի որ այն հանդիսանում է ստեղծված անելանելի իրավիճակի անցնցում հանգուցալուծման միակ բանալին: Այդուհանդերձ, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներին՝ փաստենք, որ դրանք 203-րդ հոդվածի ուժով փոփոխման ենթակա չեն: Եվ այդ հոդվածների անփոփոխ թողնելու պահանջը ինքնանպատակ չէ, այլ բխում է «Անկախության մասին հռչակագրի» պահանջից, իսկ Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անձնագիրն է: Այդ է վկայում ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ գրված է.
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Ժողովրդական պահանջի արդյունքում ընտրված վարչապետը գործող ԱԺ-ի խորհրդարանական փոքրամասնությունից՝ ընդդիմությունից էր: Ստացվեց այնպես, որ մեկ տարի առաջ, նոր սահմանադրական պահանջներին համահունչ, պառլամենտական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությանը, մեկ տարի անց ժողովրդի ճնշող մեծամասնությունը համաժողովրդական շարժմամբ հակադրվեց՝ հեռանալու պահանջով: Այսպիսով, ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես մեկ պետություն՝ երկիշխանությամբ, ինչը նույնպես պետության քանդման լավագույն միջոց է: Այդուհանդերձ պետք է փաստել, որ ժողովրդական վստահություն վայելող վարչապետը դեռ չունի լիարժեք իշխանություն, քանի որ ըստ սահմանադրական պահանջի՝ կայուն խորհրդարանական մեծամասնությունն է վերահսկում գործադիր իշխանությանը: Հատկանշական է, որ իր ձեւով յուրահատուկ՝ անցնցում հեղափոխությունը ընթացավ օրենքի տառի պահպանմամբ, սակայն դրա վերջնական իրավական հանգուցալուծումը հայտնվել է իրավական փակուղում, քանի որ Սահմանադրությունը, որը կոչված է «կանոնակարգելու» ինչպես իշխանությունների ձեւավորման, այնպես էլ անցնցում իշխանափոխության իրավական հանգուցալուծման հետ կապված հարաբերությունները՝ չի տալիս իրավական կարգավորումներ:

Ո՞րն է ելքը:

Քաղաքական իրադարձությունների համանման իրավիճակ մենք ունեցել ենք նաեւ ոչ վաղ անցյալում, երբ հայ ժողովուրդը 1988 թվականի համազգային շարժման մեկնարկով խորհրդային իշխանությունների առջեւ բարձրացրեց ինքնորոշման իրավունքով անկախանալու հարց, որի ելքը դարձավ իրավաքաղաքական փաստաթղթի՝ «Անկախության մասին հռչակագրի» ընդունումը: Ըստ «Անկախության մասին հռչակագրի»՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը եւ ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծման, հռչակեց անկախ պետականության հաստատման քաղաքական գործընթացի իրավական սկիզբը: «Անկախության մասին հռչակագրի» 12-րդ կետը իրավական առումով առանցքային նշանակությամբ արտացոլվեց, նրանով, որ ամրագրեց՝ անհրաժեշտ սահմանադրաիրավական կարգավորումների հիմնական ուղղությունները եւ սկզբունքները, մասնավորապես, թույլատրվեց ՀՍՍՀ սահմանադրության գործածումը նորանկախ պետության տարածքում այնքանով, որքանով դրա դրույթները չեն հակասում «Անկախության մասին հռչակագրին»:

Առավել կարեւոր է այն, որ նորանկախ պետության հետագա սահմանադրական զարգացումների հիմնաքարը հանդիսացավ «Անկախության մասին հռչակագիրը, մասնավորապես, թե 1995, թե 2005 եւ թե 2015 թվականների խմբագրությամբ Սահմանադրությունը պահպանեց եւ «Անկախության մասին հռչակագրի» ուժով պարտավոր է պահպանել «Անկախության մասին հռչակագրում» ամրագրված իրավակարգավորման հիմնական ուղղությունների եւ սկզբունքների տրամաբանությունը: ՀՀ Սահմանադրության վերը նշված երեք խմբագրություններում ամրագրված են առաջին եւ երկրորդ հոդվածների անփոփոխելիության սկզբունքը, իսկ ՀՀ Սահմանադրության երրորդ խմբագրությամբ (2015թ.), անփոփոխելի հոդվածների շարքում ավելացավ եւս մեկը՝ երրորդ հոդվածը (տես՝ 1995թ. եւ 2005թ. խմբ. Սահմանադրության 114-րդ հոդված, 2015թ. խմբ. Սահմանադրության 203-րդ հոդված): Այսինքն աներկբա է, որ Սահմանադրության հիմնաքարը «Անկախության մասին հռչակագիրն» է:

Վերոնշյալից բխում է, որ ստեղծված իրավիճակի անցնցում հանգուցալուծման միակ ելքը դա միայն քաղաքական եղանակն է, քանի որ բացակայում է սահմանադրաիրավական լուծման որեւէ անցնցում մեխանիզմ: Եվ քանի որ փաստվեց, որ ներկա քաղաքական իրողությունը հայտնվել է իրավական փակուղում, ապա դրանից անցնցում դուրս գալու ելքը կարող է լինել հետեւյալ ձեւաչափերով.
ա) անմիջականորեն «Անկախության մասին հռչակագրի» դրույթների վրա հիմնվելը, որը թույլ կտա հռչակելու Սահմանադրության գործողությունն այնքանով, որքանով վերջինիս դրույթները չեն հակասի «Անկախության մասին հռչակագրի» դրույթներին: Մասնավորապես, շեշտադրվում է այն հանգամանքը, որ ստեղծված քաղաքական իրադրության պարագայում Սահմանադրությունը չի նախատեսում խորհրդարանի անցնցում արձակման իրավական հնարավորություն,
բ) «Անկախության մասին հռչակագրի» նմանօրինակ քաղաքական-իրավական նոր փաստաթղթի ընդունումը (անկախ նրա անվանումից), որը կհանդիսանա խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի քաղաքական համաձայնության արդյունք՝ ապահովելով խորհրդարանի անցնցում արձակման իրավական հնարավորություն:
Վերոնշյալ լուծումներից յուրաքանչյուրի իրավական հիմքում դրված է «Անկախության մասին հռչակագիրը» եւ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածները, ինչպես նաեւ մնացած այն հոդվածները, որոնք չեն հակասի գործընթացի անցնցում իրականացմանը (խոսքը անցումային փուլի ժամանակահատվածի մասին է):

Ներկայացված լուծումները միտված են նոր ընտրությունների միջոցով լեգիտիմ հանրային իշխանության ձեւավորմանը:

Տ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Առավոտ»

13.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930