«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է հայկական բեմարվեստին վերաբերող մի կարեւորագույն հարցի`արդյո՞ք Երեւանի թատերահանդիսային կյանքը ապահովված է անհրաժեշտ քանակի եւ որակական պահանջներ բավարարող բեմերով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Երեւանում եւ մարզերում բազմաթիվ բեմահարթակներ կան՝ թատրոններ, համերգասրահներ, դպրոցական եւ ակումբային դահլիճներ, մարզադահլիճներ, պարասրահներ, ի վերջո բացօթյա հրապարակներ, որտեղ կարելի է անցկացնել բաց կամ հավաքովի բեմով համերգային արարողություններ: Բեմերը քիչ չեն Հայաստանում: Ընդ որում, դրանք բոլորը կառուցված են խորհրդային տարիներին: Անկախ Հայաստանում շուրջ երեք տասնամյակ ոչ մի նոր բեմահարթակ չի կառուցվել, դեռ չի էլ ուրվագծվում, թե առաջին թատերական շենքը կամ նույնիսկ բեմը երբ եւ ով կկառուցի:
Սա բարդ հարց է: Սա թողնենք, քանի որ դեռ եղածը չենք կարողանում պատշաճ օգտագործել, ուր մնաց, թե նորը կառուցելու մասին խոսք լինի: Միայն շեշտենք չգրված օրենքը, որ այն երկիրը, որը կկարողանա օպերային շենք կառուցել, կարող է իրեն համարել զարգացած եւ հարուստ երկիր: Թեեւ Հայաստանն ունի օպերային թատրոն եւ օպերային թատրոնի շենք, այնուամենայնիվ, դա խորհրդային ժառանգություն է եւ չենք կարող համարել, որ մեր երկիրը հասել է այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է ժամանակակից նոր բեմ կառուցել: Կապ չունի, թե որ ժանրի համար: Հարց է առաջանում, բայց մեզ նոր բեմ պե՞տք է, երբ այդքան չօգտագործվող բեմեր կան հենց թեկուզ Երեւանում: Իսկապես լավ հարց է` Երեւանին նոր բեմ պե՞տք է, թե՞ ոչ: Ամենափոքր իսկ ուշադիր հայացքը տեսնում է տարակուսանքի հասնող մշակութային… կոպիտ բառ է, բայց պիտի ասվի… մշակութային անտերությունը: Քանակական առումով բազմաթիվ բեմահարթակների առկայությունը, որոնք ցրված են ամբողջ Երեւանի տարածքով մեկ, իրենց անօգտագործելիության պատճառով դրանց նշանակությունը հավասարվել է «զրոյի»: Ստացվում է, որ իսկապես կան կառուցված շատ բեմեր, բայց Երեւանում օգտագործվում է միայն մի քանի բեմահարթակ: Շատ ավելի ծանր է մարզերում, որտեղ «սովետի ժամանակ» մարզկենտրոնում եւ գյուղերում պարտադիր բեմեր են կառուցված, այնտեղ ավելի վատթար վիճակ է, պարզ ասենք, բեմերը ուղղակի դարձել են, ինչպես ասում են՝ «գեղի կլուբ»: Ոչ մի կարգի համերգ հնարավոր չի կազմակերպել այնտեղ, բացի «սթենդ ափ» կոչվող միանձնյա «շոուներից»:
Առաջ գնալու փոխարեն, գեղեցիկ, բավականին ինքնատիպ ավանդություն ձեւավորած մարզային ու գյուղական մշակութային կառույցները մեծ արագությամբ գլորվեցին ու անդառնալիորեն հայտնվեցին շուկայական հարաբերություն կոչվող ճահճի մեջ: Այո, բեմահարթակների մեծագույն մասը ժամանակակից բեմ-դահլիճ հանդիսային պահանջներին չի բավարարում. սա մեկ, իսկ ավելի վատն այն է, որ վերը նշված անտերության պատճառով, այդ եղած բեմերը դարձել են բեռ եւ խորհրդային տարիների եկեղեցիների նման դառնում են պահեստ կամ գրասենյակ, իսկ ներկա ժամանակների շնչով միանգամից վերածվում են գործող վաճառակետերի: Ցայտուն օրինակները նախկին կինոդահլիճներն են, որոնք գրեթե բոլորը ներկայումս առեւտրային տարածքներ են: «Տնտեսագիտական» բնույթի այն հիմնավորումները, թե ժամանակը իր պահանջն է ներկայացնում, ընդունելի չէ մշակույթի մարդու համար, քանի որ բռի ու անբարեկիրթ ցանկացած կառավարություն միանգամից կհամարի, որ «խանութը» ավելի կարեւոր է, քան բեմը: Հիմա մի վայրկյանում, եթե իրավունք տաս, օպերային թատրոնը նույն պահին խաղատուն, ռեստորան, ռեվյու կամ հյուրանոց կդարձնեն: Ցանկացած «փող սարքող» սեփականատեր երբեք չի հասկանա, որ երկրի համար մեկ օպերային շենքը ավելի կարեւոր է, քան իր նման հազարների գոյությունն ընդհանրապես: Մեր մշակույթի ոլորտն էլ միշտ «խաղից դուրս» վիճակում է եւ ոչ մի կառավարության ընթացքում չեղավ մի նախարար, որ գոնե մի՛ փոքր պաշտպաներ մշակույթի շահերը: Չենք ասում, թե նորը կառուցեր, այլ գոնե այնքան ուժ ունենար, որ եղածը պահեր:
Բոլոր նախարարները նախագահավարչապետական դուդուկի տակ «տրնգի» պարողներ եղան, թեեւ դա չէր խանգարում, որ հայկական մշակույթի մասին հնարավորինս ճոռոմ խոսեն:
Եղած բեմերը պահպանելու մասին խոսք անգամ լինել չի կարող մեր ժամանակներում, մնում է հույս դնել, որ գոնե պրոֆեսիոնալ թատրոնների բեմերը կծառայեն իրենց նպատակին: Բայց այս հարցն էլ չափազանց խախուտ է եւ փորձենք մի թափանցող հայացք նետենք հազիվ իրենց գոյությունը պահպանող երեւանյան բեմերի վիճակին: Մարզերի մասին չենք խոսում. մշակույթի կենտրոնները «պահածոյացված» են, չեն գործում, պարզապես օրենքի ուժով դեռեւս սեփականության չի տրվում:
Գանք Երեւանին: Կարելի է թվարկել բազում բեմեր Երեւանում, բայց իմաստ չունի:
Շատերը «անունը կա, ամանում չկա». մի քանի բեմերը, որոնք ամենաշատը կարելի է հաշվել «մեկ ձեռքի մատների վրա», հազիվ են կարողանում ապահովել բեմական գործունեություն ծավալող խմբերին կամ անհատներին: Հարցն ամենեւին էլ միայն բեմական տարածքը չէ, այլ այն, որ բեմը բեմ է դառնում ոչ թե տախտակամածով կամ առանձնացված հարթակով, այլ բեմ է դառնում համապատասխան բեմական սարքավորումներով եւ սպասարկմամբ՝ բեմական լույսեր, ձայնային ու էկրան
ային համակարգեր, մեքենայացված բեմ, համապատասխան մշտական սպասարկող անձնակազմ, ներկայանալի դահլիճի պահանջ, էլ չասած այն մասին, որ բեմարվեստի ցանկացած ժանրի համերգից կամ ներկայացումից հետո գրեթե անխտիր բոլորը համաշխարհային մակարդակի պահանջներից են խոսում, երբեք չնայելով այն հանգամանքին, որ այդ պահանջը մասնակիորեն բավարարող երկու, ամենաշատը երեք դահլիճ կա Երեւանում: Բնական է, ստեղծագործական կամ ոչ ստեղծագործական ցանկացած արարողության նախաձեռնող ուզում է այն իրականացնել բարձրակարգ բեմում. հակառակ դեպքում իմաստ չունի որեւէ կարգի միջոցառում անցկացնելը: Դա է պատճառը, որ բոլորը համաձայն են «թանկ» բեմ վարձակալել, քանի որ «էժան» տեղերում անիմաստ է դառնում որեւէ կարգի հանդիսություն կազմակերպելը. դա ուղղակի միջոցների անիմաստ վատնում է: Երեւանում ամենաշատը չորս դահլիճ է, որտեղ հնարավոր է փոքրիշատե ընդունելի մշակութային միջոցառում անկացնել եւ ամեն ինչ արվում է այդ չորս դահլիճներում. Օպերա, «Արամ Խաչատրյան», Սունդուկյան, Պարոնյան, Ստանիսլավսկի, եւ փառք երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին, որ հասցրեց վերանորոգել այս օջախները:
Մնացածում «հազար բան կա», որ հարմար չէ. «Համալիրը» անհարկի թանկ է, առանց նախնական շատ մեծ գումարի այդ կողմ գնալը անիմաստ է: «Մեծ» հանդիսություն 300 տեղանոց սրահներում` «Կամերային», «Տիկնիկային», «Բաբաջանյան», չես անցկացնի, անիմաստ է, «Պիոներ պալատը», «Դրամատիկը», «Մետրոն», մյուս «Կամերայինը», «Դինամոն» իրականում «խաղից դուրս» են:
Մի չափազանց ցավոտ հարցի մասին էլ ասենք: Բանն այն է, որ որոշ պետական մշակութային կոլեկտիվներ կան, որ, բնականաբար, պետությունից դոտացիա են ստանում, իրենց մշակութաստեղծ գործունեությունը կազմակերպելու համար: Դա հասկանալի է: Դոտացիոն հիմնարկների մեծ մասը բեմարվեստի տարբեր ժանրեր են, ասել է թե՝ նրանց գործունեության արդյունքը պետք է երեւա բեմում: Հիմա երկու ամենատարօրինակ հանգամանքի մասին՝ ինչ տրամաբանությամբ են կազմված ծրագրերը, ով, երբ է որոշել, որ այդպես կարելի է տասնամյակներ շարունակ գոյատեւել: Դոտացիոն հիմնարկներին նաեւ ելույթ ունենալու «տարեկան պլաններ» են տալիս, բայց ոչ մի «պետական» բեմ չի տրամադրվում այդ պլանները իրագործելու համար: Ստացվում է, որ պետական խմբերը, օրինակ՝ վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պետական երգչախումբը, Պարի պետականը, «Բարեկամություն» անսամբլը եւ այլն, պետական հիմնարկին պետք է շուկայական գնով վարձակալման գումար փոխանցեն՝ «պետական» ծրագիրը իրականացնելու համար: Սա այն դեպքում, երբ վարձակալման գումարներ նախատեսված չեն: Տոմսավաճառությամբ այդ գումարները երբեք չի ստացվում «հետ բերել», քանի որ նույն պետությունը այնքան թանկ է սահմանել դահլիճի վարձավճարը, որ պետական ոչ մի կոլեկտիվ չի կարողանա տոմսերի վաճառքի հաշվին այն վճարել: Եկանք հայտնի ասացվածքին՝ «իմաստ չունի մութ սենյակում փնտրել սեւ կատու, մանավանդ եթե գիտես, որ այդ կատուն այնտեղ չէ»: Ի վերջո, իսկապես չգիտենք, թե ինչ ենք փնտրում. «Ինչ ենք կորցրել, ինչ ենք ման գալիս»: Խելքի աշեցեք:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
13.06.2018