Շատ քրիստոնյաներ զարմանում են, թե ինչու ենք մենք տառապում այս կյանքում: Մենք տառապում ենք առնվազն 2 պատճառով: Մեկ, չենք հետեւում Աստուծո պատվիրաններին: Դրա համար էլ սխալներ ենք գործում ու փորձանքի գալիս: Երկու, որովհետեւ մարդկային բնությունը հիվանդ է, իսկ այս երկիրն էլ անիծված է մեղքի պատճառով ու մենք տանջանքով ենք հայթայթելու մեր սնունդը մեր կյանքի բոլոր օրերում (Ծն. 3:17): Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է, որ մենք այստեղ ժամանակավոր ենք ու այս տառապանքն էլ մշտական չի լինելու:
Աստված մարդուն այս վիճակից ազատելու համար փրկություն ուղարկեց: Փրկիչը Աստուծո Որդի Հիսուս Քրիստոսն է: Եթե դու հետեւես իրեն, դու կյանք կունենաս, իսկ եթե մերժես, ապա կմեռնես, որովհետեւ հիվանդ ես քո մեղքերի մեջ:
Ուրեմն մի զարմացեք, որ նեղություն ու տառապանք եք քաշում այս աշխարհում: Միայն թե նեղությունը թող չլինի՝ մարդասպանության, գողության, չարագործության կամ ուրիշի գործերին խառնվելու համար: Պետրոս Առաքյալն ասում է, որ քրիստոնյան չպիտի զարմանա, երբ նեղություն է քաշում: Տեսեք ինչ է գրում:
«Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։ Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի՜ էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծու Հոգին է հանգչում ձեր վրայ» (Ա.Պտ 4:12-14):
Քրիստոսին հետեւելը տանում է խաչի: Հարմարավետություն ու կոմֆորտ չկա: Ինքն ասաց. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի» (Ղկ 9:23,24):
Եթե դու ուզենաս փրկել քո կյանքն այս աշխարհում ու վազել հարմարավետությունների ետեւից, ապա դու այն կկորցնես: Հնարավոր է, որ մի քիչ ավելի շատ դրամ վաստակես ու լավ հանգիստ վայելես: Բայց կյանքդ կկորցնես: Մահով կյանքը չի ավարտվում, այլ հավիտենականությունն է սկսվում:
Բայց եթե դու քո սեփական եսն ուրանալով՝ քո կյանքը կորցնես Հիսուսի համար, վերջում դու այն կփրկես:
Արժե՞ Հիսուսին ծառայել, նրան Տեր ու Փրկիչ կոչել ու նրա ետեւից գնալ:
Դու պիտի քո սեփական որոշումը կայացնես: Դու պիտի քեզ այս հարցը տաս ու ինքդ քեզ համոզիչ պատասխանես: Արժե՞ հետեւել Հիսուսին, թե՞ հարմարավետ կյանքի ձգտել, քանի դեռ այս կյանքի ակնթարթը շարունակվում է:
Սիրելի բարեկամ, Քրիստոսն անցյալի քարոզիչ չէ: Նա հենց հիմա ներկա է եւ քո նեղության, եւ ուրախության մեջ եւ ուզում է բնակվել քո սրտում, ապրել քո հիշողության ու մտքի մեջ: Բաց դուռդ ու ներս հրավիրի իրեն:
Մենք քարոզում ենք Քրիստոս, որ շուտով վերադառնալու է:
Մենք քարոզում ենք Քրիստոս, որ փրկում է ցանկացած մարդու, ով ապաշխարում է:
Մենք քարոզում ենք Քրիստոս, որ դատելու եւ իշխելու է բոլոր մարդկանց ու ազգերին:
Տեր Հիսուսն ասաց, «վերցրու քո խաչն ու հետեւիր ինձ»: Եթե քեզ ասել են, որ Քրիստոսին հետեւելը հեշտ է, ապա քեզ ճշմարտությունը չեն ասել: Տեր Հիսուսին հետեւլը խաղ չէ: Դա նեղ դռնով անցնել է: Երբեմն ճանապարհը շատ նեղ է, դժվար ու վտանգավոր: Բայց ինքն ասաց՝ «հետեւիր ինձ»:
Քրիստոսին հետեւելու համար դու պիտի որոշում կայացնես, ինչքա՞ն հեռու կգնաս նրա ետեւից: Մինչեւ առաջին կամ երկրորդ նեղությո՞ւնը, թե մինչեւ մահ: Դու ինչպե՞ս կպատասխանես այս հարցին:
Աստված ուզում է, որ դու իմանաս, որ նա քեզ չի մոռացել քո նեղության մեջ: Ինքը քեզ չի թողել քո փոթորկոտ կյանքում, եթե դու ինքդ չես հեռացել Աստծուց: Ինքն արդեն սկսել է այն մեծ գործը, որ քեզ ու բոլոր մարդկանց ազատի այս տառապանքներից ու կյանքի փոթորիկներից, նույնիսկ այն պահերին, երբ այդպես չի թվում:
Փառք Աստուծո, ամեն ինչի համար:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
13.06.2018