Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:
-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:
-Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է:
Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:
Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ:
-Որո՞նք են այդ կետերը:
Որոշման՝ուշադրության արժանի կետերն են.
ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝ ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել),
ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին,
ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան ,
ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին,
Այսպիսով` ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն, թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն այնուամենայնիվ չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալուց, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում: