Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևին ակնարկել է, որ Մոսկվա այցը լավ հնարավորություն է ծանոթանալու՝ «ինչ-որ մեկի հետ», հավանաբար՝ նկատի ունենալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հույս ունեմ, Դուք օգտակար և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք Մոսկվայում: Հետաքրքիր ասելով՝ նկատի ունեմ, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակար՝ որովհետև այլ երկրներից Ձեր բազմաթիվ գործընկերներ այստեղ են, և հնարավորություն կա հանդիպել նրանց հետ, ծանոթանալ»,- Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ալիևը Մոսկվայում իրեն հետաքրքրող թեմաները կարող է քննարկել ԱՊՀ գործընկերների հետ:
Հիշեցնենք, Ալիևը Մոսկվա է ժամանել՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Նույն նպատակով Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ