Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ:
Մարզպետը հայտարարել էր, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Հունիսի 1-ին Հովիկ Աբովյանին ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին, մեր գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարեւանի դաշտերն ու այգիները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ