Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակն է Բակո Սահակյանի հեռացումը, Ազգային ժողովի դերի բարձրացումը

Հունիս 13,2018 21:30

Այսօր Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ Վերածնունդ խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսել էր ժամը 17.00-ին հրավիրել հավաք, որի նպատակը վերջին օրերի ընթացքում իրենց կողմից իրականացված հանրային լայն խորհրդակցությունների արդյունքների և քաղաքական ճգնաժամի մասին ունեցած խորհրդակցությունների ամփոփումն էր` հանրությանը ներկայացնելով քաղաքական ճգնաժամի լուծման իրենց տեսլականը։

Մինչ այդ, նշենք, որ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ավագանին հրավիրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվել է որոշում Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության կանոնակարգման վերաբերյալ:

Ըստ այդ որոշման` մասնավորապես նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով պետք է գրավոր իրազեկի Ստեփանակերտի քաղաքապետին, բացառությամբ մինչև 20 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների ։ Համաձայն ընդունված որոշման, իրազեկման մեջ պետք է նշվի հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը, հավաքի նպատակը, մասնակիցների սպասվող թիվը և այլն:

Բացի այդ, ըստ որոշման, նաև արգելվում է Ստեփանակերտ քաղաքում հավաքներ անցկացնել նախագահական նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության շենքերի դատարանների, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, ինչպես նաև արգելվում է հավաքների ընթացքում փակել Ստեփանակերտ քաղաքի առաջին և երկրորդ գոտիների փողոցներն ու մայրաքաղաք մուտք գործող հանրապետական նշանակության ճանապարհները, որոնք ունեն նաև ռազմավարական նշանակություն:

Ժամը 17.00-ի դրությամբ ոստիկանական զորքերի կողմից փակվել էր Վերածննդի հրապարակ տանող ճանապարհը:

Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչները Հայկ Խանումյանին առաջարկեցին հավաքն չիրականացնել Վերածննդի հրապարակում, այլ տեղափոխել հրապարակից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող Նելսոն Ստեփանյանի անվան պուրակ:

Ոստիկանության ներկայացուցիչների հետ որոշ քննարկումներից հետո Հայկ Խանումյանը համաձայնեց տեղափոխել հավաքի վայրը:

«Երեկ ոստիկանապետի հետ խոսել ենք և ասել, որ սովորական հավաք է, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, մոտավորապես 300 հոգի է հավաքվելու և անհանգստանալու կարիք չկա: Սակայն այսօր առավոտյան հանկարծ հիշել են հավաքի մասին և քաղաքապետարանի կողմից ինչ-որ որոշում է ընդունվել: Մենք խնդիր չենք տեսնում և տարբերություն չկա, թե որտեղ կանցկացնենք հավաքը: Սակայն նշեմ, որ մենք նախատեսել էինք ամենակառուցողական տարբերակը, բայց իշխանությունները այս քայլով ցույց տվեցին, որ իրենք չեն փոխվել և չեն փոխվելու: Եվ այժմ մեր պահանջների մաքսիմալիստական դառնալու միակ մեղավորները իշխանություններն են և այդ պատասխանատվությունը ընկած է նրանց վրա»,- իր ելույթում` հավաքի վայրի տեղափոխման պատճառների վերաբերյալ ասաց Հ. Խանումյանը:

Արդեն Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ Հայկ Խանումյանը և հավաքի նախաձեռնող անդամներ հանդես եկան ելույթներով` հիմնականում խոսելով այն խնդիրների վերաբերյալ, որոնք առկա են Արցախում և հանգեցրել են քաղաքական ճգնաժամի:

«Առաջիկայում մենք սկսում ենք հանրային ճնշման միջոցառումներ: Կլինենք Արցախի բոլոր շրջաններում: Եվ մեր նպատակը հետևյալն է լինելու. Բակո Սահակյանի հեռացում, Ազգային ժողովի դերի բարձրացում, մինչև 2020 թվականը հանրության համար ընդունելի և ոչ կուսակցական նախագահի ընտրություն խորհրդարանի կողմից, ով հնարավորություն կունենա 2020 թվականին կազմակերպել այնպիսի ընտրություն, որ բոլոր կուսակցությունները հավասար պայմաններում մասնակցեն ընտրություններին և ժողովուրդը որոշի` ով է լինելու իշխանություն, ով է լինելու ընդդիմություն, ով է լինելու խորհրդարանից դուրս և ով է լինելու հանրապետության նախագահ»,- հայտարարեց Հ. Խանումյանը` վերջում ամփոփելով այսօրվա և առաջիկայում նախատեսվող հավաքների նպատակը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930