Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վայր է դրել լիազորությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ներկայացնելով իր հրաժարականի պատճառները՝ Կվիրիկաշվիլին ասել է, որ ինքը տարաձայնություններ ունի իշխող կուսակցության հետ, և նրանք համաձայն չեն իր կառավարության տնտեսական քաղաքականության հետ:
Կվիրիկաշվիլին ասել է, որ վերջին մի քանի ամիսներին ինքը մի քանի անգամ իր հրաժարականի հարցը քննարկել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ, որի հետ էլ հենց առաջացել են հիմնական տարաձայնությունները:
«Այսօր կուսակցության ղեկավարը պետք է հնարավորություն ունենա համալրել կառավարությունը այնպիսի կադրերով, որոնք ցանկանում է»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Ըստ Վրաստանի օրենքի՝ հեռացող վարչապետի լիազորություններն ավտոմատ կերպով իր հետ բերում է կառավարության հրաժարական: Այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը պետք է մեկ շաբաթում նախագահին ներկայացնի վարչապետի իր թեկնածուին: Այնուհետև նախագահը մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է ներկայացնի խորհրդարանի քննարկմանը:
Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. դեկտեմբերից:
Հիշեցնենք, Վրաստանում մայիսին տեղի ունեցան մի քանի զանգվածային ակցիաներ: Ցույցերի պատճառով իր պաշտոնը լքել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ