«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրենքի սահմաններում պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու մասին»,-այս մասին Aravot.am-ին հայտնեցին Պետական եկամուտների լրատվական ծառայությունից: Մեր դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը, պատասխանելով 1in.am-ի հարցին, նշել է, թե ինքը որեւէ քրեական գործից տեղյակ չէ, չի հարցաքննվել եւ չգիտի ինչի մասին է խոսքը, ՊԵԿ լրատվականից նշեցին, որ ծանուցագիրը երեկ է ուղարկվել պարոն Օհանյանին:
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ի թիվս պաշտպանության նախարարության նախկին եւ գործող պաշտոնյաների, գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ