«Մամուլի ազատության պրոֆեսիոնալիզմի խնդիրները հետհեղափոխական Հայաստանում» թեմայով քննարկմանը Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մտահոգություն հայտնեց, որ ներկայիս բացասական միտումներից է այն, երբ լրագրությունը փոխարինվում է ուղիղ եթերներին:
Հետհեղափոխական իրավիճակի մասին Արմինե Օհանյանը վստահեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին եղել է նախորդ իշխանության նկատմամբ՝ անաչառ, օբյեկտիվ, ներկայացվում են թերացումները:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս փուլում ամենամեծ առաքելությունն ու դերակատարությունն ունի մամուլը: Պարոն Հովհաննիսյանը մանրամասնեց. «Սպասել, որ մայիսի 8-ից հետո իշխանությունները մեկ օրում կլուծեն լրատվական դաշտի խնդիրները, սուտ կլինի: Թիվ մեկ խնդիրը ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներն են: Այսօր լրագրողներն ունեն չափազանց մեծ առաքելություն, եթե կարողանան հանրային գործընթացները տանել չեզոք ու օբյեկտիվ, բոլորս շահած դուրս կգանք: Բոլորը նայում էին մեկ ձեռքի: Պետք է լուծենք այլընտրանքային ֆինանսավորման հարցը»:
Պարոն Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե մայիսի 8-ից հետո բուռն քննարկումներ են ծավալվում, բայց նկատելի է բանավեճի ահավոր ցածր որակ ու մակարդակ: Վահե Հովհաննիսյանը պնդեց՝ մամուլի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծել այլընտրանքային ֆինանսական աղբյուրներով:
«Հանրայինը՝ հանրությանը» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արման Վարդանյանի համոզմամբ՝ հանրային հեռուստառադիոընկերությունը ռեսթարտի կարիք ունի. «Հանրային հեռուստառադիոընկերությունն այս ամենին սկզբնական շրջանում բավականին անհաղորդ էր իրեն պահում, հետո փորձեց հարմարվողական քաղաքականություն վարել: Այսօր արդեն փորձում են տեղավորվել նոր իշխանությունների կոմֆորտի գոտում: Ունենք խնդիրներ կապված հանրային հեռուստառադիոընկերության հետ, որոնք կուտակվել են նախորդ իշխանություններից»:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն արձագանքեց՝ քննարկումներ եք կազմակերպում առանց հրավիրելու Հանրային ռադիոյից որևէ մեկի: Այնուհետև վստահեցրեց՝ Հանրային ռադիոն ծառայել է ոչ թե քաղաքական որևէ ուժի, այլ փորձել է ծառայել հանրությանը և աշխատել՝ հենց ելնելով հանրության տեսակետերից: Դառնալով խնդիրներին՝ պարոն Գրիգորյանն ասաց. «Հիմնական հարցերից մեկը, որ այստեղ բարձրացվեց, այն է՝ արդյոք նոր կառավարությունը վերաբերվելո՞ւ է մամուլին, լրատվամիջոցներին՝ սա իմն է, սա իմը չէ սկզբունքով: Եթե այդ մոտեցումը շարունակի լինել, մենք կտեսնենք նույն պատկերն ու տեսարանը, որը կար մինչև այդ: Բայց մյուս կողմից արդյոք մենք պատրա՞ստ ենք ազատ լինելուն, արդյոք մենք կարո՞ղ ենք դուրս գալ այն համակարգից, որ սա մերն է, սա մերը չէ և աշխատել որպես ազատ և պատասխանատու մամուլ, որովհետև ազատություն առանց պատասխանատվության գոյություն չունի»:
Aravot.am-ի հարցին՝ մտահոգիչ չէ՞այն փաստը, որ մամուլում տեղ գտած քննադատությունը նոր կառավարությանը և վարչապետին ուղղված հայհոյանքներով և հարձակումներով է ընդունվում, Արմինե Օհանյանն արձագանքեց՝ կոչ անելով իշխանություններին իրենց հենց կոչով՝ թողեք աշխատենք: Այնուհետև վստահեցրեց՝ սրված, հեղափոխական իրավիճակներում բնական են այդ արձագանքները. մարդկանց կրքերը եռում են, զգացմունքները խեղդում, բնական է, որ դա ինչ-որ տեղից պիտի դուրս գա: Հետո էլ խմբագիրը հավելեց. «Մյուս կողմից էլ ենթադրում եմ, որ երիտասարդ իշխանավորները ֆեյսբուքյան լավ փորձ ունեն՝ ֆեյքեր և այլ տեխնիկա կիրառելու առումով, հիմա էլ են դրանք ինչ-որ ձևով կիրառվում նաև ԶԼՄ-ների դեմ: Հույս ունեմ, որ ժամանակավոր բան է, իրենք էլ են հասկանալու, որ սխալ մեթոդիկա է, որը չի կարելի կիրառել»:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով՝ երիտասարդական կրքեր են. որևէ միտում չկա, ժամանակի ընթացքում կլուծվի. «Շատ ազգանուններ էլ կփոխվեն, մարդկանց կազմն ու որակն էլ կփոխվի: Մամուլը, ինչպես միշտ, հիմա էլ պիտի լինի համբերատար»:
Մարկ Գրիգորյանն էլ մտահոգություն հայտնեց՝ կան վճարվող մարդիկ, որոնք գրառումներ են կատարում, ու մանրամասնեց. «Երբ նայում ես այդ մարդու ֆեյսբուքյան էջը, մի երկու հատ կատվի նկար է դրված, մի երկու հատ էլ հայրենասիրական լուսանկար, դրանով էջը վերջանում է: Ֆեյքերը հայտնվեցին ապրիլի սկզբից, մենք արագ սկսեցինք ստուգել յուրաքանչյուր նման գրառում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ