Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ