Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հորդորեց վարչապետին`այսուհետ այցերը պլանավորել` նկատի ունենալով իր սահմանադրական պարտավորությունները

Հունիս 13,2018 17:35

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ ասաց, թե շատ կցանկանար իր խոսքը սկսել`դիմելով վարչապետին: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չէր մասնակցում: Մեկնել է Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ է հանդիպելու: Արմեն Աշոտյանը այցը կարեւոր է համարում, դրա համար ըմբռնումով է մոտենում, բայց հորդորեց վարչապետին`այսուհետ այցերը պլանավորել` նկատի ունենալով իր սահմանադրական պարտավորությունները:

Հիշեցնենք, Սահմանադրական պարտավորությունները խստիվ պաշտպանելու եւ խորհրդարանի հետ հարց ու պատասխանի նիստին անպայման ներկա գտնվելու մասին 2017թ հոկտեմբերի 25-ի նիստում խոսել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`նախատելով վարչապետ Կարեն Կարապետյանին: «Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածում ասված է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Հայաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրում է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այսօր, այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղից նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»: Այդ օրը Կարեն Կարապետյանը բացակայում էր, քանի որ ԵԱՏՄ խորհրդի նիստում նախագահում էր:

Այնուհետ, Արմեն Աշոտյանն իր հարցերն ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնական հաղորդագրություններից Արմեն Աշոտյանը չի հասկացել`արդյոք հայկական կողմը համանախագահների հետ իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր նոր բանակցային մոտեցումների մասին: Խոսքն Արցախի` բանակցային կողմ լինելու մասին է: Նաեւ`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արդյոք ներկայացվել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջեւանի հատվածում, Արցախյան ճակատում եւ ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը:

Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Արմեն Աշոտյանի առաջին երկու հարցերին հետեւյալն էին. «Այո եւ այո»: ԱԳ նախարարը սա բնական է համարում, ասում է` մենք բավական հստակ արտահայտել ենք մեր կառավարության դիրքորոշումը, նաեւ արտահայտել ենք մեր քաղաքականության հետեւողականությանը վերաբերվող դիրքորոշումը: Իսկ առհասարակ, ԱԳ նախարարի ներկայացմամբ, այցը ճանաչողական էր`«միմյանց զգում եւ ճանաչում ենք»: Մեր անվտանգությանը վերաբերվող հիմնական դրույթները նույնպես բարձրաձայնել են: Ասել են, որ երկու օր առաջ զոհ ենք ունեցել`Վահագն Էլոյանը եւ սա բացասական է ազդում հարցի խաղաղ կարգավորման նկրտումների վրա:

Զոհրաբ Մնացականյանն ասաց նաեւ, որ հանդիպումները դեռ շարունակվում են, իրենք առավելագույն արդյունավետ են փորձում դրանք օգտագործել:

Արմեն Աշոտյանը հորդորեց`առաջիկայում փակ քննարկումներ կազմակերպել, որպեսզի Արցախի հարցում լինենք «միասնական, խելոք եւ ինչպես ասում են`դուխով»`նկատի ունենալով առաջիկայում, միջազգային հարթակներում սպասվող հանդիպումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930