Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի գիտխորհուրդ. չնսեմացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը քրիստոնեական մեծ ընտանիքի բազմանուն Եկեղեցիների միության մեջ

Հունիս 13,2018 17:18

ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:

Տարբեր ժամանակաշրջաններում, ազդված տարբեր քաղաքական իրավիճակներից, տարաբնույթ խնդիրներ  են փոթորկել Եկեղեցու ներքին անդորրը: Ծառացած հարցերը լուծելու համար հրավիրվել են եկեղեցական ժողովներ, որոնց արդյունքում կյանքի են կոչվել կանոնական լուծումներ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալներ ու հոգևորականներ, անտեսելով Սուրբ Գրքի և Եկեղեցու սրբազան ավանդույթի վրա հիմնված կանոնական նորմերը, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ չհիմնավորելով ու չփաստարկելով այդ պահանջը: Մոռանալով կամ միտումնավոր այլափոխելով «Ամենայն Հայոց Կաթողիկոս» եզրույթը՝ դրանով նսեմացնում են (գուցե նաև չիմացաբար) Հայոց Հայրապետի հանգամանքը, որը երբևէ անձնավորված չի եղել և չի կարող լինել: Շարժման մասնակիցները, մտահոգված առկա խնդիրներով, ձգտում են ոչ կանոնական միջոցներով հարցերին լուծումներ գտնել:

Կարծում ենք, որ նման մոտեցումները հարիր չեն քրիստոնյաներին, առավել ևս Հայ Եկեղեցու զավակներին: Սույն գործելաոճը չի կարող հիմնավորված կերպով ապահովել խաղաղ մթնոլորտ Եկեղեցու ներքին կյանքում և Եկեղեցում առկա խնդիրներին լուծումներ խոստանալ:

Վստահ ենք, որ սրբազան օծում ունեցող, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելաշավիղ եպիսկոպոսաց դասն ու Ազգային-Եկեղեցական ժողովն ի վիճակի են և կարող են բարձրաձայնել ու կանոնական լուծումներ տալ Եկեղեցու ներսում և Եկեղեցու շուրջ առկա խնդիրներին՝ դրանք կանոնական կերպով ներկայացնելով Հայոց Հայրապետի վավերացմանը:

Ուստի, հորդորում ենք ողջախոհ լինել, առաջնորդվել առաքելահիմն Եկեղեցու կանոնական սկզբունքներով, չնսեմացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը քրիստոնեական մեծ ընտանիքի բազմանուն Եկեղեցիների միության մեջ ու միջազգային հանրության առջև, քամահրանքի ու ծաղրանքի թիրախ չդարձնել այլակրոն ու ոչ բարեկամ ազգերի ու պետությունների դիմաց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին աստվածահաստատ է ու Սուրբ: Հարգենք Մեր Եկեղեցու Սրբությունն ու անսասանությունը:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի գիտխորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930