Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր սահմանադրությամբ կառավարության նիստերը քաղաքական բովանդակություն ունեն

Հունիս 13,2018 16:57

Կուտակային կենսաթոշակի օրենքի հետ կապված կառավարական քննարկումների առիթով ստեղծված մթնոլորտն ու սուր մեկնաբանությունները շարունակվում են։ Նոր համակարգի պարտադիր բաղադրիչը, օրենքը ընդհանրապես, որոշ թվականից հետո ծնվածների հետ կապված համեմատությունները եւ այլ մանրամասնություններ սերտորեն կապված են այս դրության ունենալիք առավելությունների եւ անպատեհությունների հետ: Խնդիրը, ընդհանուր առմամբ, մի կողմից քաղաքացիների ստանալիք հետագա թոշակների գումարների բարձրացմանն է միտված, մյուս կողմից ներկա պահին քաղաքացիներին առավել տնտեսական նեղ կացության չմատնելու մտահոգությունն է:

Այս երկվության միջին լուծումը կամ հանգրվանային հանգուցալուծումը պարտադիր բաղադրիչի վերացումը կարող էր լինել, որը նաեւ ըստ էության քաղաքացու ընտրության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հասկացությունների հետ ավելի առնչություն ուներ:

Տնտեսության զարգացման հարցերի նախարարի առարկությունները եւ ավելի ուշ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը, որքան էլ որ դուռ են բացում թեժ մեկնաբանությունների համար, այնուամենայնիվ քաղաքական առումով նպաստեցին նոր մշակույթի ձեւավորմանը եւ դեռ կնպաստեն անպայման:

Պարզ է տրամաբանությունը. եթե կառավարության նիստին օրակարգով նախատեսված քվեարկություն է տեղի ունենալու, դա նշանակում է, որ նախորդելու է քննարկում: Իսկ քննարկումը ենթադրում է բազմակարծություն, տարբեր տեսակետների պաշտպանության համար հիմնավորումներ: Բնականաբար նախընտրելի է, որ քննարկումներից հետո կառավարությունը հանգի ընդհանուր հայտարարի: Բայց քվեարկության առկայությունը ենթադրում է նույնիսկ ընդհանուր հայտարարի բացակայության դեպքում, ազատ կամարտահայտություն ոչ միայն տեսակետով, այլ նաեւ քվեով:

Ուրեմն, արտակարգ կամ հակաընթացակարգային ոչինչ չի արձանագրվել կուտակային կենսաթոշակի հետ կապված կառավարության նիստի քննարկումների, այնտեղ ներկայացված առարկությունների կամ նոր օրենքի սահմանադրականությունը ճշտելու նախանձախնդրությամբ բարձրացված հարցերի մեջ:

Ի տարբերություն օրենսդիր ժողովի, գործադիր մարմնի ժողովները ավելի միաձայն համանվագով էին ընթանում. ծրագրի հետ կապված ելույթներ, աշխատանքային զեկուցումներ, հանձնարարականներ եւ դրանց կատարողականության մասին լսումներ, հարցումներ, որոշումներ: Քննարկման եւ ինչու չէ ներկառավարական բանավեճի որեւէ երևույթ ընկալվում էր իբրեւ քաղաքական տագնապի դրսեւորում եւ կառավարության վարքագծից շեղում:

Հիմա, քննարկումներն ստանում են կառուցողական նշանակություն եւ իբրեւ այդպիսին նաեւ քաղաքական առանցք: Այստեղ չպետք է մոռանալ, որ նոր սահմանադրությամբ կառավարությունը ըստ էության տնտեսական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ եւ գուցե հաճախ շատ ավելի քաղաքական ինստիտուտի դեր ունի եւ իբրեւ գործադիր իշխանություն պատասխանատու է երկրի բազմաոլորտ գործունեության համար իբրեւ մեկ թիմ: Հետեւաբար, նախարարները ոչ միայն իրենց ոլորտին կապված խնդիրների քննարկմանը իրավունք ու պարտավորություն ունեն, այլ ընդհանրապես համակառավարական գործունեությանը: Եւ ինչպես որ գերնախագահականից գերվարչապետականի անցումը, այնպես նաեւ ուժային գերնախարարական կամ ընթացիկ ոլորտների նախարարությունների միջեւ տարբերությունները պետք է վերանան. հատկապես որեւէ հարցի քննարկմանը բոլորի մասնակցության իրավունքը գործնապես կիրառելու պրակտիկայով։

Ժողովրդավարական կանոնների մաս է կազմում նաեւ որեւէ նախարարի կառավարությունից դուրս գալը: Եթե պետական գործչին չի հաջողվում անձնական եւ կառավարական որոշումները համատեղել, իր իրավունքն է հրաժարական տալը: Այստեղ եւս արտակարգ որեւէ երեւույթ չկա եւ դա հարիր է ժողովրդավարական կարգերով կառավարվող երկրներին:

Միաձայն համանվագները համապատասխանում են ընդհանրապես միանձնյա համակարգերին կամ ոչ ժողովրդավարական կարգերին: Կենտրոնական դեմքով կառավարվող բազմաձայն կառավարությունների քննարկումները հարստանում են բազմակարծությամբ եւ որոշումներ կայացնելուց հետո աշխատում են իբրեւ մեկ ամբողջական թիմ։

Հրաժարականի երեւույթի հետ կապված մի դիտարկում կարելի է արձանագրել: Ճիշտ է, որ իր ստանձնած ոլորտի հետ կապված էր նախարարի հրաժարականի որոշումը: Նախարարը նախապես դեմ էր կուտակային կենսաթոշակի ապահովման օրինագծին եւ որոշել էր հավատարիմ մնալ իր սկզբունքներին: Սկզբունքայնության հետ կապված որոշում է եւ ժողովրդավարական կանոններին ընդառաջ առնված քայլ:

Սակայն եթե ընդունենք, կառավարության իբրեւ մեկ ու միասնական թիմ գործելու մեկնակետը, ապա անմիջապես կնկատենք, որ կուտակայինի հետ կապված քննարկումների ընթացքին չէ միայն, որ նախապես հայտարարվածներից շրջադարձեր են կատարվում տարբեր հանգամանքների պատճառով:

Այստեղ նկատվում է, որ սոցիալական հարցերի հետ կապված որոշումները, քննարկումները շատ ավելի սուր զգայնություն եւ նկատառումներ ունեն, քան օրինակ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների հետ կապված խնդիրները։

Քաղաքագիտական մակարդակի վրա ընկալելի է խորհրդարանական եւ կառավարական միեւնույն խմբակցության ներկայացուցչի կողմից հնչած հայտարարությունների, տեսակետների միջեւ կատարված շրջադարձերը։ Այնուամենայնիվ, նույնքան ընկալելի է նաեւ պաշտոնից հրաժարական տալը այդ անհատական եւ կառավարական տեսակետների անհամատեղելիության պատճառով։

Կարեւորը այն է, որ խորհրդարանին առընթեր, նոր սահմանադրությամբ քաղաքական բովանդակություն է ստացել կառավարությունը։ Ներկառավարական քննարկումներին բազմակարծությունն ու բանավեճերը նպաստում են, որ կառավարական համակարգը դուրս գա միաձայնությամբ համահարթեցում առաջացնելու իրավիճակից։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930