«Երեւան» հիմնադրամին տարիներ շարունակ միլիարդներ են փոխանցվել: Սակայն ըստ այս հիմնադրամի հաշվետվության, թեեւ նշվում է, թե որքան գումարների մուտք ու ելք է եղել, սակայն որեւէ մանրամասներ չկան, թե կոնկրետ որ կազմակերպություններին կամ անձանց են փոխանցվել գումարները:
Վերջին տարիներին հիմնադրամում ֆինանսական աուդիտ է իրականացրել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը, որն էլ մշտապես եզրակացությունում խփել է «օքեյը»:
Այսօր ազգային անվտանգության ծառայությունը Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարել է խուզարկություններ: Ըստ ԱԱԾ-ի, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Ըստ 2017 թվականի հաշվետվության, «Երեւան» հիմնադրամին Երեւան համայնքի բյուջեից փոխանցվել է 550 միլիոն 744 հազար դրամ՝ կանաչապատում բարեկարգում, տոնական մշակութային միջոցառումների համար: ՀՀ պետական բյուջեից էլ 20 միլիոն դրամ է փոխանցվել Նորաշեն թաղամասի 5 բարձրահարկ շենքերի գազաֆիկացման համար: Հաշվետվության համաձայն, 2017-ին, անհատներ, կազմակերպություններ եւ այլ մուտքեր տողով 1 միլիարդ 370 միլիոն 811 հազար դրամ է մուտքագրվել հիմնադրամի բյուջեին: Իսկ հիմնադրամի ներդրումն է եղել՝ խաչքարեր, որոնց ծախսը կազմել է 5,3 միլիոն դրամ, հիմնադրամի շարժական կամրջակ ՝ 1,7 միլիոն դրամ, համակարգիչ՝ իր լրակազմով՝ 509 հազար դրամ, բազկաթոռ՝ 85 հազար դրամ:
2017 թվականին հիմնադրամի օգտագործված միջոցների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 299 միլիոն 939 հազար 707 դրամ: Նույնքան է կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը:
Իսկ 2016 թվականին Երեւան հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրներն են՝
Երեւան համայնքի բյուջեից՝ 1 միլիարդ 387 միլիոն 460 հազար դրամ՝ բարեկարգման, կանաչապատման, տոնական, մշակութային, սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 59 միլիոն 617 հազար դրամ՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման համար:
2016-ին հիմնադրամին անհատներից, կազմակերպություններից, եւ, ինչպես գրված է հաշվետվությունում՝ այլ մուտքեր եղել է 350 միլիոն 369 հազար դրամ, որը նախատեսված է եղել բարեկարգման, հուշարձանների կառուցապատման, մշակութային միջոցառումների կազմակերպման եւ անապահով խավերին օժանդակության համար:
Հաշվետվությունում գրված է՝անհատներից եւ կազմակերպություններից հիմնադրամին կատարված նվիրատվությունների չափը կազմում է 339 միլիոն 922 հազար դրամ:
Հաշվետվությունում որեւէ տեղ գրված չէ, թե որ կազմակերպություններն են ու այդ անհատներն ովքեր են, որ այսքան մեծ ծավալի գումարներ են փոխանցել: Այս գումարները ծախսվել են փողոցների տոնական լուսային զարդերի համար՝ 104 միլիոն 255 հազար դրամ, լուսային շատրվաններ՝ 18 միլիոն 146 հազար դրամ, փողոցային լուսարձակ, լուսատուներ, լամպեր՝ 303 միլիոն 236 հազար դրամ, 2 հատ ավտոմեքենաներ ՝ 9 միլիոն 500 հազար դրամ, թվային ձայնային համակարգ՝ 8, 5 միլիոն դրամ:
2016-ին հիմնադրամի օգտագործած միջոցներն ավելին են, քան 2017-ին: 2016-ին օգտագործած միջոցների չափն է՝ 1 միլիարդ 796 միլիոն 386 հազար 900 դրամ, իսկ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը 1 միլիարդ 767 միլիոն 825 հազար 600 դրամ է:
«Երեւան» հիմնադրամը 2016 թվականին Երեւան քաղաքի բարեկարգման, կանաչապատման, հուշարձանների պահպանման եւ կառուցապատման համար ծախսել է 701 միլիոն 492 հազար դրամ: Ուշագրավ է, որ նման ծախսեր ու աշխատանքներ է կատարում նաեւ Երեւանի քաղաքապետարանը՝ համայնքային բյուջեով:
Հիմնադրամը 548 միլիոն 688 հազար 800 դրամ էլ ծախսել է տոնական, մշակութային, սոցիալական, կրթական միջոցառումների համար, միջազգային կապերի ինտենսիվ զարգացման համար 19,1 միլիոն դրամ, փոխհատուցումներ, օգնություններ սոցիալապես անապահով խավերին՝ 306 միլիոն դրամ: Հիմնադրամի ծրագրերի համար ծախսած գումարների տողով գրված է՝ 182, 1 միլիոն՝ օժանդակություն հովանավորության կարիք զգացող կրթական, մշակութային կազմակերպություններին: Թե որ կազմակերպություններին են այս գումարները փոխանցվել, նշված չէ:
2015 թվականին «Երեւան» հիմնադրամին Երեւան քաղաքի բյուջեից փոխանցվել է 1 միլիարդ 652 միլիոն 640 հազար դրամ: Ֆինանսական մյուս աղբյուրն է եղել՝ օգնություն կազմակերպություններից եւ անհատներից՝ կանոնադրական գործունեության իրականացման համար, փոխանցվել է 463 միլիոն 825 հազար դրամ:
2015-ին օգտագործված միջոցների ընդհանուր չափը կազմել է 2 միլիարդ 171 միլիոն 800 հազար դրամ, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 2 միլիարդ 143 միլիոն 604 հազար դրամ:
2017-ին, դրանից առաջ եւ հետո «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետեր՝ Կամո Արեյանը, Արամ Սուքիասյանն ու Վահե Նիկոյանը, ինչպես նաեւ ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանն ու Արա Երնջակյանը, մանկաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, քաղաքապետի խորհրդական, եւ նախկին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ