Ինչպես արդեն տեղեկացրել ենք դատարան դահլիճից ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյալները:
Դուրս գալով դատարանից՝ դատարանի բակում նրանք ողջագուրվում են իրենց հարազատների հետ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը հայտնեց, թե չի հեռանա առանց լրագրողների հետ զրուցելու:
Այս պահին դատարանի դահլիճից դեռ դուրս չի եկել միայն Ժիրայր Սեֆիլյանը: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ դա գուցե լինի մոտակա ժամերի ընթացքում:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը փաստեց՝ վճիռները փոխեցին, որոշեցին, որ կալանքից ազատեն, բայց մեղադրանքական վճիռը մնացել է. «Վճիռը պետք է բողոքարկել Վճռաբեկ դատարան: Մենք ինչին սպասում էինք, դա արդարացումն է, իսկ դա լինելու է դատարանի միջոցով: Այս դատարանն իր վրա չվերցրեց արդարացնելու ամբողջ պատասխանատվությունը, անցումային մի որոշում կայացրեց»:
Նա հավաստիացրեց՝ Հիմնադիր խորհրդարանն աջակցելու է նոր իշխանություններին:
Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը հայտնեց, որ իրենք կողմ են իրավական ճանապարհով մինչև վերջ գնալուն. «Թող լինի արդար դատավարություն, և եթե կան հանցագործներ, նրանք կրեն իրենց պատիժը»:
Հարցին՝ Հիմնադիր խորհրդարանն ինչո՞վ պետք է զբաղվի, Թորոս Սեֆիլյանը պատասխանեց՝ ակտիվ կազմակերպչական աշխատանքներով են զբաղվելու: Թորոս Սեֆիլյանը վստահեցրեց՝ դառնալու են այնպիսի ուժ, որը կմտնի խորհրդարան:
Դառնալով Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակմանն ու դատարանի վճռին՝ պարոն Սեֆիլյանն արձագանքեց. «Քիչ ժամանակ է, պետք է սպասենք և տեսնենք արդարացումը բոլորի համար: Ես տեսնում եմ, որ ամեն բան կորած չէ, և դա ինձ համար ուրախալի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ