ՀՀ բնապահպանության նախարարությունն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին: Նախաձեռնությունների թիրախային խմբերն են 1-ից մինչև 14 տարեկան երեխաները՝ հաշվի առնելով նրանց առավել բարձր խոցելիությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Այս նպատակով, պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում, մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են «Ոսկե կար», «Ալեքս տեքստիլ» և «Սաթենկար» (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով: 4000 պիտակ փոխանցվել է «Մանկան» ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար:
Բացի այս, 2500 օրինակ նույնաբովանդակ էջանշաններ են տպագրվել, որոնցից 500-ը տրամադրվել են «Բուկինիստ», «Նոյյան տապան» գրախանութներին և «Թումանյան» գրատանը, իսկ 2000 օրինակ Մշակույթի նախարարության օժանդակությամբ կտրամադրվի ՀՀ տարածքում գործող մանկական գրադարաններին:
Նույն նախաձեռնությունների շրջանակներում պատվիրվել են 1000 արևապաշտպան բանդանաներ՝ ՀՀ տարածքում գործող մանկատների մանկահասակ երեխաներին տրամադրելու նպատակով:
Տեղեկատվական պիտակներում և էջանշաններում ներառված տեղեկատվությունը, որը վերաբերում է օզոնային շերտի կարևորությանը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությանը և դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանն ու եղանակներին, մշակվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարություն