Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ն փորձում են տարբերակներ գտնել` տարբեր ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները ներելու համար: Կսրբագրվեն նաեւ վարկային պատմությունները:
«Ինչո՞ւ հնարավորություն չկար նախորդ ժամանակահատվածում դա անել, խնդիրը քաղաքակա՞ն էր, թե՞ պրոֆեսիոնալ»,-ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին այսօր այս հարցն ուղղեց «Ծառուկյան» խմբակցության քվոտայով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Այդ հարցը մշտապես քննարկվել է, ուղղակի պետք էր հասունանար: Բացի այդ, կա հարկման խնդիր, որը բանկերին վնասներ էր հարուցում: Հիմա կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով տալիս են նաեւ այդ քաղաքական եւ օրենսդրական լուծումները, որ բանկերի վրա այդ զիջումների բեռը չմնա: Հիմա դա հնարավորություն կտա, որ բանկերը զիջման գնան»,-պարզաբանեց ԿԲ նախագահը:
Ավելի ուշ իր ելույթում, Միքայել Մելքումյանը ընդվզեց այս պարզաբանման դեմ: Նրա տարակուսանքն այն է, որ ավելի ազնիվ կարելի է գտնվել եւ հստակ հայտարարել`քաղաքական որոշման խնդիր է:
Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր նաեւ, թե ինչո՞ւ նախկինում տոկոսադրույքները չէին նվազում, հիմա նվազում են: ԿԲ նախագահը սա պայմանավորեց նախ շուկաների հետեւողական կայունությամբ, ապա նաեւ գնաճային սպասումների՝ «ցածր եւ կանխատեսելի գնաճի խարսխմամբ»:
ԿԲ փոխնախագահին գնաճի վերաբերյալ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Կառավարությունը միջնաժամկետ ծրագրերում գնահատել է 4% գնաճ. Պատգամավորին հետաքրքրում է` ԿԲ-ի համար ընդունելի՞ է այդ գնաճը՝ կայուն մակրոտնտեսական վիճակն ապահովելու համար: Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ գնաճի կառուցվածքը, ռիսկայնության աստիճանը:
Ներսես Երիցյանն ասաց, որ իրենց քայլերն առաջընթացին են միտված. «Մրցակցության ազդեցության մասով մենք մշտապես հայտարարել ենք, եթե լինեն առաջարկի շոկեր, շուկայի ճշգրտումներ եւ այլն, դրանց ԿԲ-ն անմիջական չի արձագանքում: Օրինակ, երբ բրնձի գները աճում են, մենք ոչ թե արձագանքում ենք գնի զսպմանը, այլ՝ երկրորդային գնաճին, որ դա չբերի տրանսպորտի, հացի գների աճ»: Իսկ գնաճի կառուցվածքն, ասաց, միջազգային ստանդարտներով է որոշվում, ԿԲ-ն չի որոշում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ